News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նա, ով ծանոթացել է խնդրո առարկա հոդվածին, առնվազն կտարակուսի, որ այն դարձել է դատական վեճի առարկա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով Հայաստանի պաշտպանության նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի «Հրապարակին» դատի տալուն:

Գլխավոր խմբագիրը նշեց, որ տարրական իրավական գիտելիքների տիրապետող անձը գիտի, որ այլ աղբյուրից ներկայացված տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում սկզբնաղբյուրը, այլ ոչ թե դրանցից օգտվողը, կամ դրանք տարածողը։ «Մենք ընդամենը օգտվել ենք համացանցում տարածված տեղեկություններից։ Ընդ որում, արել ենք զգուշորեն՝ անգամ նշված կայքի լինքը չենք տեղադրել մեր առաջին հոդվածում, որպեսզի ակամայից չնպաստենք այդ տեղեկությունների տարածմանը։ Մեր հոդվածին ծանոթացողը կնկատի, որ այն, ինչի համար Սեյրան Օհանյանի կինը մեզ դատի է տվել, ընդամենը վերլուծական հոդված է, որտեղ լրագրողն իր տեսակետն է շարադրել պաշտոնյաների, նրանց ընտանիքի անդամների հետ կապված հասարակական հետաքրքրության, նրանց անցյալն ու ներկան փորփրելու, ճշմարիտ կամ ոչ այնքան ճշմարիտ տեղեկություններ տարածելու մասին։ Իսկ տեսակետ, կարծիք հայտնելը չի կարող պատժվել օրենքով։ Տեսակետ, կարծիք հայտնելու ազատությունն ամրագրված է Սահմանադրությամբ եւ մարդու անօտարելի իրավունքն է»,-ասաց նա։

Արմինե Օհանյանն ասաց, որ իրեն դեռեւս չեն ստացել հայցը, սակայն փաստաբանն արդեն հարցազրույցներ ու ասուլիսներ է տվել եւ հայտարարել այդ մասին։ Նա նշեց, որ երկուշաբթի օրը՝ մայիսի 25-ին ստացել են փաստաբան Կարեն Մեժլումյանի գրությունը՝ մինչեւ մայիսի 30-ը իր ուղարկած պատասխան տպագրելու պահանջով։ Եւ նույն օրն էլ տեղեկացել են, որ նա դիմել է դատարան՝ առանց սպասելու այդ պատասխանի տպագրությանը։ «Այժմ թող դատարանը որոշի՝ «Հրապարակն» ինչ «մեղք» է գործել։ Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի եւ նրա կնոջ հայտարարություններին, որ լրատվամիջոցներն իրենց վարկաբեկելու միտում ունենք, հավատացնում եմ՝ «Հրապարակ» օրաթերթը նման խնդիր, նպատակ չի ունեցել, չունի եւ երբեք չի ունենալու։ Իսկ Սեյրան Օհանյանին եւ նրա կնոջն անդրադառնում ենք ոչ ավելի, քան մյուս պաշտոնյաներին եւ նրանց կանանց, եթե չասենք՝ ավելի սակավ ու Պաշտպանության նախարարի կարգավիճակով պայմանավորված՝ առավել հարգալից։ Եւ մի նկատառում․ մարդու, պաշտոնյայի լայնախոհությունը, ինտելեկտի մակարդակը, դեպի առաջ նայելու ունակությունը, սովորաբար երեւում է հենց մամուլի, ազատ խոսքի նկատմամբ վերաբերմունքի մեջ։ Նրանք, ովքեր դատի են տալիս լրատվամիջոցներին, ովքեր փորձում են ճնշել, սահմանափակել ազատ խոսքը, ստիպել, որ լրագրողները չանդրադառնան իրենց, չքննադատեն, երբեք չեն շահում։ Առավել եւս՝ այսօր մեր երկրի առաջ այնպիսի բարդ խնդիրներ են ծառացած, որ դրանց լուծումը թողած լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումներ սկսելը ոչ մի պաշտոնյայի պատիվ չի բերում»,-նշեց Արմինե Օհանյանը։

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Հրապարակ» օրաթերթից հերքում տալ եւ ներողություն խնդրել Ռուզաննա Խաչատրյանին զրպարտելու համար։ Օրաթերթը մայիսի 21-ին հրապարակել է «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդված, որտեղ գրված է, թե Ռուզաննա Խաչատրյանը, վարելով ընկերոջ մեքենան, վթարի է ենթարկվել, որի հետեւանքով մարդ է մահացել։

Տպել
Ամենաշատ