News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության  պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն: Այցի շրջանակում Պրահայում հունիսի 2-ին Հայաստանի եւ Չեխիայի վարչապետների մասնակցությամբ տեղի է ունեցել հայ-չեխական գործարար համաժողովի բացումը:

Բացմանը ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին եւ կազմակերպիչներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Քիչ առաջ իմ գործընկեր պարոն Սոբոտկայի հետ քննարկում էինք հայ-չեխական երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան, եւ երկուսս էլ համաձայնեցինք, որ մեր հարաբերությունների պատմության մեջ վերջին երկու տարիները եղել են առանձնահատուկ ակտիվության տարիներ, եւ որ նման դրական դինամիկայի պահպանման համար միայն քաղաքական կամքի առկայությունը բավարար չէ, այլ շատ բան գտնվում է նաեւ մասնավոր սեկտորի ձեռքում:

Այսօրվա գործարար համաժողովը կարեւոր է ինչպես մեր երկրների բարեկամական հարաբերությունների եւ տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ մեր գործարարների համար նոր հնարավորություններ եւ շուկաներ բացահայտելու տեսանկյունից: Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում սա արդեն երրորդ գործարար համաժողովն է, ինչը, անշուշտ, վկայում  է երկուստեք առկա հետաքրքրվածության մասին:

ՀՀ տնտեսական զարգացման համար կարեւորագույն նախապայմաններից է գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավումը: Այս կապակցությամբ կուզեի ընդգծել գործարարությամբ զբաղվելու միջազգային վարկանիշներում Հայաստանի առաջատար դիրքն ԱՊՀ երկրների շարքում: Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից. մենք իրականացնում ենք «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որեւէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, ամբողջությամբ պաշտպանելով եւ երաշխավորելով ներդրումներն օրենքով: Այսօր մենք ստեղծել ենք արտահանման ներուժ ունեցող ոլորտներում ներդրումները խթանելու գործուն համակարգ: Հայաստանն ազատ առեւտրի համաձայնագրեր ունի ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ, իսկ 2015 թվականի հունվարից անդամակցելով նաեւ Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանն անարգել մուտք ունի 170 միլիոնանոց միասնական շուկա: Միեւնույն ժամանակ, մենք օգտվում ենք երրորդ երկրներից 750 ապրանքատեսակի համար ներմուծման արտոնյալ եւ ԵՏՄ երկրներից հումքի անմաքս ներմուծման իրավունքներից:

Հայաստանը ներկայում օգտվում է նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի եւ Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգերից» (GSP) եւ ընդգրկված է ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) առեւտրային ռեժիմից օգտվող երկրների ցանկում, ինչը լուրջ խթան է հայկական արտադրողների համար: Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումը նոր հեռանկարներ է ստեղծում նաեւ եվրոպական գործարարների համար, որոնք, օգտագործելով Հայաստանի հնարավորությունները, կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ միլիոնավոր սպառում ունեցող եվրասիական շուկա եւ օգտվել հումքային բազայից:

Վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրին պատրաստ ենք ցուցաբերել առանձնահատուկ` «ներդրողների կարիքների վրա հիմնված» մոտեցում: Ես սիրով հրավիրում եմ չեխ գործարարներին եւ չեխական ընկերություններին գործարարությամբ զբաղվելու Հայաստանում: Մենք հրավիրում ենք չեխական ընկերություններին ներդրումներ կատարելու Հայաստանում, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, սննդի վերամշակման, զբոսաշրջության, ագրոբիզնեսի ոլորտներում:

Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում եւ ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները եւ ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն եւ կարեւոր դերակատար: Համագործակցության նոր հարթակ կարող են դառնալ Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիները: ՀՀ կառավարությունը մեծապես կարեւորում է Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի ձեւավորումը եւ իրականացնում է հետեւողական աշխատանքներ ինովացիոն ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացմանը, նորաստեղծ տեխնոլոգիական նորարարական ընկերություններին օժանդակելուն, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը:

Հեռահար գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու եւ երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից չափազանց կարեւոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը: Համոզված եմ` այս տեսանկյունից Հայաստանը կարող է դառնալ հեռանկարային գործընկեր Չեխիայի համար: Վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումը մեծապես կնպաստի մեր երկրների բարեկամական հարաբերությունների եւ տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը, չեխ գործարարների համար Հայաստանը որպես հնարավորությունների երկիր բացահայտելուն:

Ամփոփելով ելույթս՝ եւս մեկ անգամ շնորհակալություն եմ  հայտնում հյուրընկալության եւ ջերմ ընդունելության համար, համաժողովի բոլոր մասնակիցներին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք եւ նոր նշանակալի ձեռքբերումներ՝ ի շահ մեր ժողովուրդների եւ պետությունների»:

Հաջորդիվ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի ելույթ է ունեցել նաեւ Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան:

Նշենք, որ հայ-չեխական գործարար համաժողովին Հայաստանից մասնակցում էր 50-ից ավելի, իսկ Չեխիայից՝ շուրջ 100 գործարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ամենաշատ