NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այսօր՝ հունիսի 6-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի վերաբերյալ:  Ստեփանավանի հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեքենան տեղափոխվել են իրենց հիվանդանոցի դիահերձարանի մոտ, որպեսզի դիակները մասնատեն եւ հանեն:

Նա նշեց, որ  յոթ մահացածները, որոնք 20-25 տարեկան երիտասարդներ էին, Տաշիրից գնում էին Ստեփանավան: «Նախնական վարկածով՝ ճանապարհին կենդանի է դուրս եկել նրանց առաջ, մեքենան փախցրել են, հետո ծառին է բախվել եւ այդպես հրդեհ է բռնկվել, բոլորը տեղում մահացել են»,-պատմեց հիվանդանոցի տնօրենը:

Սարատովկայի գյուղապետ Գառնիկ Մարդոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ մեքենայի դիմացը փորսուղ է դուրս եկել, հարվածել են ծառին, մեքենայի մեջի գազի բալոնը պայթել եւ երիտասարդները ողջ-ողջ այրվել են: Նա նաեւ նշեց, որ երիտասարդները Ստեփանավանի Ամենափրկիչ վանքն էին գնում: Գյուղապետն ասաց, որ բոլոր երիտասարդների ծնողներին էլ ճանաչել է, մի մասը ուսանողներ էին, կային նաեւ ամուսնացածներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարար ծառայությունը հունիսի 6-ին, ժամը 00.39-ին, փրկարար ծառայությունում տեղեկատվություն է ստացել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և բռնկվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 1994թ. ծնված Վանիկ Մարդոյանը, 1991թ. ծնված Վահագ Ալբերտյանը, 1993թ. ծնված Արման Տոնոյանը, 1991թ. ծնված Գևորգ Պողոսյանը, 1993թ. ծնված Կարեն Խաչատրյանը, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Գասպար Ղուկեյանը եւ Երեւանի բնակիչ՝ 1993թ. ծնված Արթուր Բալյանը:

Հրշեջ-փրկարարները կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա. ավտոմեքենան (5 զոհով) տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի տարածք, ավտոմեքենայի մասնատման և դիակների հանման համար:

Հունիսի 6-ին, ժամը 09.06-ին հրշեջ-փրկարարները մասնատել են ավտոմեքենան, դուրս բերել դիակները և փոխանցել դիահերձարանի աշխատակիցներին: