News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի մորը՝ Իրինա Ղազարյանին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս ընդունել է, լսել եւ ամեն կերպ աջակցել իր իրավասության սահմաններում: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մենք տիկին Իրինային այս պահին միայն իրավաբանական աջակցություն կարող ենք ցուցաբերել, ինչից ինքը հրաժարվել է: Նոր ի հայտ եկած փաստական հանգամանքները տիկինը պետք է  իրավապահ համակարգին ներկայացնի, ոչ թե պաշտպանության նախարարին»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Իրինա Ղազարյանը հայտնել էր, որ Պաշտպանության նախարարության նամակների բաժնի աշխատակիցը իրեն փոխանցել էր, որ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ժամանակ չունի ընդունելու իրեն: Մահացած զինծառայողի մայրը պնդում է, որ ինքը նոր փաստական հանգամանքներ ունի որդու մահվան հետ կապված, որը ցանկանում է ներկայացնել պաշտպանության նախարարին:

Նշենք, որ Արթուր Ղազարյանը մահացել է 2010 դեկտեմբերի 17-ին Հադրութի զորամասերից մեկում: Ծնողները չեն ընդունում որդու մահվան պաշտոնական վարկածը, ըստ որի, նրա  գլխում չարորակ ուռուցք է հայտնաբերվել:  Ծնողները պնդում են, որ իրենց որդին սպանվել է զորամասում տեղի ունեցած միջադեպի պատճառով:

Տպել
Ամենաշատ