News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հաճախ մամուլում գյուղատնտեսության նախարարության հասցեին մեղադրանքներ են հնչում, որ նախարարությունը նախապես չի պլանավորում, թե հանրապետության այս կամ այն համայնքում ինչ պետք է մշակվի, ինչ տարածքով, որքան ծավալով եւ այլն: Պետք է փաստել, որ սրանք հարցադրումներ ու  պահանջներ են, որոնք բնորոշ են խորհրդային պլանային տնտեսությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Գյուղնախի պարզաբանման մեջ նաեւ ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականների սկզբին գյուղատնտեսության բնագավառում իրականացված սեփականաշնորհումից ու բարեփոխումներից հետո ոլորտի գործունեությունն ամբողջությամբ ազատականացվել է: Եվ արդեն շուրջ 25 տարի է, ինչ մեր գյուղացին ազատ է իր հողը, կենդանիներն ու գյուղատնտեսական արտադրության մյուս միջոցները սեփական հայեցողությամբ տնօրինելու հարցում: Գյուղացին ինքն է որոշում, թե ինչպիսի մշակաբույսերի մշակությամբ պետք է զբաղվի, ինչպես տնօրինի իր կողմից արտադրված բերքը, ինչ գնով եւ այլն: Եվ այս առումով ինչպես հանրապետական, այնպես էլ տարածքային կառավարման եւ ինքնակառավարման մարմինները իրավունք չունեն միջամտելու գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողների գործունեությանը: Հենց սա է շուկայական հարաբերությունների իմաստը, որը կարեւոր նախապայմանն է ազատ մրցակցության ապահովման եւ տնտեսության  զարգացման համար:

Պետությունն այսօր անմիջականորեն չի զբաղվում գյուղատնտեսական մթերքների վերամշակման, պահպանության, իրացման, արտահանման հարցերով: Պետությունը օրենսդրական բարեփոխումների, հարկային, մաքսային, վարկային քաղաքականության, առանձին խնդիրների լուծման նպատակով սուբսիդիաների ներդրման եւ այլ գործիքների կիրառման շնորհիվ բարենպաստ միջավայր է ստեղծում նշված գործընթացների իրականացումն առավել դյուրին  ու արդյունավետ կազմակերպելու համար: Պետությունը, ի դեմս գյուղատնտեսության նախարարության, ունի իր հստակ ռազմավարությունը գյուղատնտեսության ոլորտի հեռանկարային զարգացման ուղղությամբ: Նախարարության կողմից մշակվում եւ իրականացվում են միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր, որտեղ նախապատվությունը տրվում է այն առաջնահերթ ուղղություններին, որոնց զարգացման համար կա բավարար պահանջարկ, եւ առկա է անհրաժեշտ բնատնտեսական, աշխատանքային ու մասնագիտական ներուժ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Արարատյան հարթավայրում, Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի ցածրադիր գոտում, Տավուշի մարզում կարեւորում է բարձր ավելացված արժեք ապահովող ճյուղերի` խաղողագործության ու պտղաբուծության զարգացումը, որը թարմ եւ վերամշակված արտադրանքի տեսքով արտահանման լուրջ ներուժ ունի: Նախարարությունը մշտապես հորդորում է հանրապետության հողօգտագործողներին, բոլոր այն համայնքներում, որտեղ բնակլիմայական պայմանները թույլ են տալիս, առանց մտավախության ավելացնել խաղողի ու պտղատու այգիների տարածքները: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարության կողմից սահմանվել են արտոնություններ. նոր հիմնադրված այգիների սեփականատերերը մինչեւ դրանց լրիվ բերքատվության մեջ մտնելը ազատվում են հողի հարկի վճարումից:

Նախարարությունը խրախուսում է հատիկաընդեղեն մշակաբույսերի` ոսպի, ոլոռի, սիսեռի մշակությունը հանրապետության նախալեռնային եւ բարձրադիր գոտու համայնքներում: Նշված մթերքների մեծածավալ ներկրումներ են իրականացվում հանրապետության ներքին սպառման պահաջարկը բավարարելու համար:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո նոր հնարավորություններ են ստեղծվել նաեւ կարտոֆիլի ու բանջարեղենի տարբեր տեսակների մեծաքանակ արտահանումների համար: Հատկապես մեծ է ջերմոցային արտադրանքի նկատմամբ պահանջարկը, ինչն էլ լուրջ խթան է հանդիսանում ջերմոցային տարածքների ընդարձակման ու արտադրության ծավալների ավելացման համար:

Անասնագլխաքանակի շարունակական աճի պայմաններում խրախուսվում է կերային մշակաբույսերի` առվույտի, կորնգանի, եգիպտացորենի, ճակնդեղի մշակությանը:

Վերջին տարիներին իրականացվող պետական աջակցության տարբեր ծրագրերի իրականացման շնորհիվ բարենպաստ պայմաններ են ստեղծվել գյուղատնտեսական արտադրության զարգացման համար: Նոր, ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը էապես կնպաստի գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացմանը, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը, իսկ որակյալ եւ մատչելի գներով արտադրանքի  արտահանումների ծավալների ավելացումը հնարավորություն կտա բացառել գյուղմթերքի կտրուկ գնանկումը եւ երաշխիքներ կստեղծվեն արդյունավետ տնտեսվարման համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ