News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փաստաբանների պալատում հուլիսի 1-ին կայանալիք խորհրդի նիստին կքննարկվի փաստաբան Թամարա Յայլոյանին կարգապահական տույժի ենթարկելու հարցը: Փաստաբանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը որեւէ վարքագծի կանոն չի խախտել, եթե անգամ մի բան խախտել է, ապա միայն Պերմյակովի պաշտպանությունից հրաժարվելու մասով: Թամարա Յայլոյանը շեշտեց, որ եթե իր գործընկերները անարդար որոշում կայացնեն, ինքը կբողոքարկի այն  դատական կարգով:

Փաստաբանը, անդրադառնալով իր դեմ հարուցված վարույթին, ասաց, որ դեռ հարց է՝ ՓՊ-ն իրավունք ուներ կարգապահական վարույթ հարուցեր իր դեմ, թե ոչ: «Ինձ զանգել են Ռուսաստանի Դաշնության տարածքից, որտեղ գործում են ՌԴ-ի օրենքներն ու նորմերը, զանգել է Շիրակի մարզային քննչական պետի տեղակալը, որը այդ պարագայում հանդես է գալիս մասնավոր անձ, ֆիզիկական անձ, քանի որ վարույթը գտնվել է ոչ թե հայկական, այլ ռուսական կողմի մոտ: Ես գործել եմ ՌԴ-ում՝ իրենց օրենքներով եւ վարքագծի կանոններով, հետեւաբար՝ Հայաստանի փաստաբանների պալատը իրավունք ուներ արդյոք վարույթ հարցեր, եթե այնտեղից որեւէ գրություն չի ստացել: Ես մասնակցել եմ հագուստի առգրավմանը, հարցաքննությանը, փորձաքննության նմուշներին, այդ ամենի ավարտին՝ երեկոյան, հայտնել եմ քննիչին, որ չեմ ցանկանում մասնակցել: Հաջորդ օրը ինձ որեւէ ծանուցագիր, գրություն չի եկել գործողության մասնակցելու, իսկ երբ հարցրել եմ՝ Վալերի Պերմյակովը ունի փաստաբան, ինձ ասել են, որ այո, ունի: Կարծում եմ՝ վարքագծի կանոն չեմ խախտել, եթե անգամ խախտել եմ, ապա հրաժարման մասով, բայց դա էլ կարելի է հասկանալ՝ ելնելով գործի առանձնահատկությունից, հուզական վիճակից, ստեղծված մթնոլորտից»,-ասաց փաստաբանը:

Կարգապահական վարույթի արդյունքում հնարավոր է փաստաբանին նկատողություն, խիստ նկատողություն տան կամ էլ զրկեն փաստաբանական լիցենզիայից, հնարավոր է նաեւ վարույթը կարճվի: Թամարա Յայլոյանն ասաց, որ վարույթի քննարկմանը մտադիր է հրավիրել նաեւ գործով ռուս քննիչին:

 

Տպել
Ամենաշատ