News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի զարգացման ծրագրերում որպես գերակայություն առանձնացնելով վթարային շենքերում ապրող բնակիչների խնդիրը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատանքներում ներառվեց նաեւ 4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող ծրագիրը: Աջափնյակ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երեւանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանն  այցելել է Սիսակյան 16 եւ Մարգարյան 45 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհրապարակներ, որտեղ ընթացող աշխատանքներն արդեն ավարտական  փուլում են: Ներկայացնելով ծրագրի ընթացքը` պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ընթնանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել աշխատանքների որակն ու գործն ավարտել նախատեսված ժամկետներում, որպեսզի վթարային շենքերում ապրող բնակիչներն օր առաջ տեղափոխվեն անվտանգ ու հարմարավետ բնակարաններ: Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետն ընդգծել է, որ չորս նոր շենքերի կառուցմամբ, ըստ էության, ամբողջությամբ լուծում է ստանում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարաններով ապահովման խնդիրը:

 «Մեր այս բնակիչների խնդիրը մշտապես եղել է քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում, ու հատկապես վերջին տարիներին այդ ուղղությամբ մենք հստակ քայլեր նախաձեռնեցինք: Նախ դեռ 2012 թվականին իմ որոշմամբ ստեղծվեց այդ շենքերի բնակիչների վերաբնակեցման հանձնաժողովը, որը տեղերում գույքագրեց առկա պահանջարկը եւ մենք հստակ պատկեր ունեցանք, թե ինչ ծավալներ են անհրաժեշտ խնդրին վերջնական լուծում տալու համար: Ըստ այդմ պարզ դարձավ, որ այդ պահի դրությամբ ավելի քան 650 բնակարանի անհրաժեշտություն կա: Խնդիրը նաեւ Հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում էր, ու մենք կառավարության հետ համատեղ Սիսակյան 22 եւ Մարգարյան 37 հասցեներում բազմաբնակարան շենքեր կառուցեցինք եւ 2013-ին, ըստ էության, լուծեցինք առաջնահերթ վերաբնակեցման ենթակա 200 բնակարանների խնդիրը: Ի դեպ, Սիսակյան 22 շենքը կառուցվել էր բացառապես համայնքային բյուջեի միջոցներով: Անցյալ տարի կառավարության հետ համատեղ նախաձեռնեցինք եւս 4 բազմաբնակարան շենքերի կառուցումը: Ձեզ հետ միասին մենք անցյալ տարի եղանք այս շինհրապարակներում, երբ աշխատանքները դեռ նոր էին սկսել եւ այսօր, ինչպես տեսնում եք, այդ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Ու մինչեւ տարեվերջ այս շենքերից շուրջ 450 նոր բնակարանները հանձնելով շահառու ընտանիքներին՝ մենք, ըստ էության, ամբողջությամբ լուծում ենք 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարաններով ապահովման խնդիրը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակում բնակարանները բնակիչներին հանձնվում են նորոգված, ջեռուցման անհատական համակարգով ապահովված ու բնակության համար պատրաստի վիճակում:

Տպել
Ամենաշատ