News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը հունիսի 30-ին մասնակցել է «Համագործակցության կարողությունների զարգացում» խորագրով համաժողովին, որի ժամանակ քննարկվել է պրոբացիոն ծառայության համակարգը:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱՆ կազմակերպական-իրավական վարչության պետ Նորայր Բալայանը, ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը, Փի-էյչ Ինտերնեշնլ կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը,  ինչպես նաեւ պետական այլ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում համագործակցության մեխանիզմների զարգացման եւ համագործակցության խորացման  հետ կապված մի շարք առանցքային հարցեր: Մասնավորապես առանձնացվել են պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրի, վերականգնողական կենտրոնի, քրեակատարողական համակարգի գործունեության շրջանակներում շահագրգիռ գործընկեր կառույցների, հասարակական եւ համայնքային կազմակերպությունների  հետ համատեղ աշխատանքային ուղղությունները:

Սուրեն Քրմոյանը, խոսելով առաջիկայում ներդրվելիք պրոբացիոն ծառայության մասին,  նշել է, որ այլընտրանքային պատժի այս տեսակը նպատակ ունի վերաինտեգրելու, վերասոցիալականացնելու հանցագործություն կատարած անձին  հասարակության մեջ, որտեղ էլ վերջինս շարունակելու է ապրել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը կարեւորել է պետական այլ մարմինների, ինչպես նաեւ  հասարակական եւ համայնքային կառույցների ներգրավվածությունը պիլոտային ծրագրի իրականացման, ապա նաեւ պրոբացիոն ծառայության  արդյունավետության գործում:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաեւ կալանավորված, դատապարտված եւ պատժից ազատված անձանց զբաղվածության ապահովման եւ պատժից ազատված անձանց վերաինտեգրման խնդիրներին:

Համաժողովն իրականացվել է Փի-էյչ Ինտերնեշնլ կազմակերպության հայկական մասնաճյուղի աջակցությամբ «Համայնքային կապեր եւ նախաձեռնություններ՝ ի նպաստ իրավական սոցիալականացման» ծրագրի շրջանակում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ