News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մշո Քալե թաղամասում գտնվող 1600-ամյա հայկական գերեզմանատունն ավերակի է վերածվել` գանձագողերի եւ բարձիթողի վիճակի հետեւանքով:

Ինչպես տեղեկացնում է Akunq.net-ը, 1915 թ. առաջ հայերի կողմից հոծ բնակեցված Մուշում էին գտնվում 299 եկեղեցի, 94 վանք, 53 ուխտավայր եւ 135 դպրոց, որում ուսանում էին 5,669 սաներ: Տարոնի/Մուշի հայերի համերաշխության, սոցիալական եւ զբոսաշրջության միության նախագահ Հայրեթթին Ասլանը, ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ թուրքական պետության գիտակցաբար վարած քաղաքականության միջոցով ցանկանում են սույն շրջանում վերացնել հայկական պատմությունը, ընդգծեց, որ ջնջվում է նաեւ քաղաքի պատմական հիշողությունը:

Ասլանը հայտնելով, որ գերեզմանատունն ունի 1600 տարվա պատմություն, նշեց, թե մի ամբողջ ժողովրդի պատմություն կանգնած է վերանալու վտանգին դեմ-հանդիման:

Նա շեշտելով, որ հայկական այբուբենը գրվել է հենց Մուշ քաղաքում, հայտնեց, որ գանձագողերը եւս մեծ վնաս են հասցնում գերեզմանոցներին:

Ասլանը նաեւ ընդգծելով, որ «հայերի կոտորածից առաջ քրդերն ու հայերը խաղաղ են ապրել այս քաղաքում», ասաց. «Եթե ցանկանում ենք խաղաղության, սիրո եւ հարգանքի մթնոլորտում ապրել, ապա պետք է տեր կանգնեն հայկական պատմությանը»:

Նա նաեւ հայտնեց, որ այստեղ առկա են նաեւ այլ հայկական հուշարձաններ, որոնք եւս վերանում են, եւ նշեց. «1915 թ. առաջ 100 հազար բնակչությամբ մի նահանգ եղած Մուշում լեռնոտ շրջաններում անգամ հայերի կողմից ենթակառուցվածքային համակարգեր էին ստեղծվել: Հիմա հայերի եկեղեցիները, վանքերը, դպրոցներն այնքան են ավիրվել, որ գրեթե վերացման եզրին են: Հարկավոր է, որ պետությունն ու քաղաքացիական-հասարակական կազմակերպությունները նրբազգաց լինեն այս հարցի նկատմամբ: Անհետանում է հազարամյա պատմություն: Եթե սույն կառույցներն ավիրվելու փոխարեն վերանորոգվեն, ապա աշխարհի չորս ծագերից այցելուներ կգան Մուշ, եւ տնտեսական զարգացման հետ մեկտեղ` կպահպանվի քաղաքի ինքնությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ