News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի գյուղական 10-ը համայնքներ մինչեւ հաջորդ տարի կունենան նոր, հիմնովին նորոգված ճանապարհներ: 39,6 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներում արդեն ավարտվել են հողային հին պաստառի հեռացման եւ ճանապարհի հարթեցման աշխատանքները, նոր ջրահեռացման համակարգերի տեղադրելու համար փորվել են ճանապարհամերձ հատվածները: Կառուցվում է նոր համակարգ՝ անձրեւաջրերը ճանապարհի երթեւեկելի հատվածից հեռացնելու համար:

«Խաչհար» ՍՊԸ-ի փոխտնօրեն Միհրան Զաքարյանի խոսքով՝ ջրահեռացման համակարգի նորոգումը մոտ 80-90 տոկոսով արդեն ավարտված է: Նախապատրաստական աշխատանքներ են կատարվում ճանապարհային ծածկ կառուցելու համար։

Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար ընկերությունը ձեռք է բերել անգլիական արտադրության ճանապարհաշինական տեխնիկա: Այն մի մեծ գործարան է անիվների վրա՝ բաղկացած երեք հիմնական մասերից:

Առաջինը ջարդում եւ խիճ է դարձնում էքսկավատորից լցված մեծ քարերը, երկրորդն առանձնացնում է մանր ու միջին չափի խիճը, երրորդը մաղում է ավազը:

«Շուտով այստեղ կլինի նաեւ ասֆալտի շարժական գործարանը։ Այն ունի օդազտման համակարգ, ինչի շնորհիվ քաղաքի կենտրոնում անգամ կարելի է այդ գործարանն աշխատացնել ու որեւէ էկոլոգիական խնդիր չի լինի»,-նշում է Մ. Զաքարյանը:

Վերակառուցվող ճանապարհահատվածներ էին այցելել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի» ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը: Պաշտոնյաները տեղում ծանոթացան շարժական գործարանի արտադրական հնարավորություններին: Քարջարդիչ սարքն, օրինակ, ժամում կարող է 300 տոննա արտադրանք տալ: Ճանապարհաշինական ընկերության ներկայացուցիչը նշեց, որ նորարարական այդ տեխնոլոգիաների կիրառումն արագացնում է ճանապարհաշինության ընթացքը:

Յաղդան գյուղի բնակիչները կատարվող աշխատանքների համար իրենց գոհունակությունը հայտնեցին ճանապարհաշինարարության պատասխանատուներին:  Ազգությամբ հույն 80-ամյա Լենա Ամիրովն հիշում է, որ գյուղի ճանապարհը վերջին անգամ 70 տարի առաջ են ասֆալտապատել:

Վերակառուցվում է նաեւ գյուղի հիմնական դպրոց տանող ճանապարհը, որի սաների թիվը վերջին տարիներին ավելացել է: Ասֆալտապատ ճանապարհ ու մայթեր ունենալու պարագայում ավելի անվտանգ ու հարմարավետ կդառնա աշակերտների մուտքը դպրոց:

Կողես գյուղ տանող ու գյուղամիջով անցնող ճանապարհին եւս ավարտվել են շինարարության առաջին փուլով նախատեսված աշխատանքները: Գյուղի բնակիչները ճանապարհի վերակառուցման պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում առաջարկեցին գյուղտեխնիկայի համար տեղադրել համապատասխան բետոնյա հատվածներ, որպեսզի այն չերթեւեկի ասֆալտե ծածկի վրայով՝ շարքից հանելով  այն։

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանն ընդգծեց, որ առաջարկն ընդունելի է. «Շինարարին, նախագծողին, ծրագրի ղեկավարին հանձնարարվել է խնդիրն ուսումնասիրել եւ առաջարկություններ  ներկայացնել»։

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը համոզված է, որ գյուղերն իրար կապող ճանապարհների հիմնանորոգումը կնպաստի նաեւ տնտեսության զարգացմանը. «Սպասելիքները շատ մեծ են, քանի որ տնտեսության զարգացման ամենակարեւոր նախապայմանը հենց ճանապարհն է»:

Ճանապարհի վերակառուցման ընդհանուր արժեքը 3,5 մլրդ դրամ է, վերակառուցվող հատվածների ընդհանուր երկարությունը՝ 39,6կմ: Շինաշխատանքներն համաֆինանսավորվել են Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության կողմից: «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով նախատեսված աշխատանքների վերջնաժամկետը մինչեւ 2016թ. նոյմեբերն է:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը նշեց, որ  ծրագիրը նախատեսված է իրականցնել 2 տարվա ընթացքում, որոշում է կայացվել, որ ոչ որակի, այլ՝ արհեստավարժության հաշվին, աշխատանքները իրականացնեն մեկ տարում. «Այսինքն՝ նախատեսում ենք 2 տարվա ծրագիրը կատարել այս տարի»: Սա հնարավոր է. հավաստիացնում են նաեւ ճանապարհաշինական ընկերությունների ներկայացուցիչները:

Վերակառուցումից հետո Լոռու մարզի գյուղական 10-ը համայնքներով անցնող ասֆալտապատ ճանապարհի մի ծայրը կմիանա Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղուն, մյուսը՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր միջպետական ճանապարհին: Այստեղ եւս աշխատանքներն ընթանում են բուռն թափով: Վերակառուցվող ճանապարհի երկարությունը 3,9կմ է: Ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Լոռիում ճանապարհաշինական ակտիվ տարի է սպասվում նաեւ 2016-ին: Նախատեսվում է վերակառուցել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 92կմ երկարությամբ ճանապարհահատվածը՝ ներառյալ 3 թունելներն ու կամուրջները: Այս պահին պատրաստ է ճանապարհի նախագծի նախնական տարբերակը, բանակցություններ են տարվում Ասիական զարգացման բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ