News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների չեղարկումը կարող է շահավետ լինել Հարավային Կովկասում նրա հարեւանների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար։ Այս մասին ասված է Հայաստանում եւ Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Դենիս Քորբոյի, Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Քորթնիի եւ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կաուզլարիչի համատեղ հոդվածում, որը հրապարակվել է Newsweek կայքում։

Իրանի միջուկային ծրագրի հեռանկարային համաձայնագիրն իրականացնելիս Արեւմուտքը չպետք է մոռանա խոցելի Հարավային Կովկասի  մասին։ Ինչպես կարծում են հեղինակները, Իրանի հետ գործարքը կարող է փոխել հավասարությունը եւ նոր հնարավորություններ բացել երկրների համար։

Նրանց կարծիքով՝ Հայաստանը կախված է Ռուսաստանից եւ Իրանից։ Հեղինակները հիշեցնում են, որ անցյալ ամիս Երեւանի փողոցներում ռուս մենաշնորհ ընկերության կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիա էր ընթանում։ «Ռուսաստանը նաեւ ղեկավարում է երկաթուղիները եւ հիասթափեցնում է Հայաստանին՝ դեմ դուրս գալով Իրանի կողմից ֆինանսավորվող ըդնլայմանը»,- ասված է հոդվածում։

Բացի այդ հեղինակները նշում են, որ Մոսկվան ճնշում է գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նա մուտք չգործի ԵՄ։ Հայաստանը նաեւ կախված է Ռուսաստանի ռազմական աջակցությունից եւ ռուսաստանաբնակ հայերի կատարած տրանսֆերտներից։

Միաժամանակ Ադրբեջանում ուժեղանում են ճնշումները, իսկ արեւմտյան արժեքների վրա հիմնված գործընկերությունը Բաքուն որպես սպառնալիք է դիտարկում։ «Գազը Ադրբեջանից պետք է անցնի ԵՄ «Հարավային գազային միջանցք» հավակնոտ նախագծով, բայց այն բախվում է մրցակցության Ռուսաստանի առաջարկած «Թուրքական հոսք»-ի եւ հնարավոր է Իրանի կողմից»,- ասված է հոդվածում։

Արեւմուտքի կողմից քննադատության ենթարկվող Բաքուն ընտրել է դեպի Մոսկվա հակված բալանսը։ Սակայն Իրանի հետ ռազմական եւ էներգետիկ կապերի հեռանկարները կարող են մեծացնել նրա հնարավորությունները։

Հեղինակները Վրաստանը որակում են որպես Հարավային Կովկասի ամենաազատական երկիր եւ նշում, որ տարածաշրջանի երկրները ձգտում են մեծ աշխարհաքաղաքական բազմակարծության, որը չի սպառնում ռեժիմների գոյությանը։ Նրանք անհանգստանում են Ռուսաստանի աճող ինքնավստահությունից եւ Ուկրաինային օգնելու Արեւմուտքի անվճռականությունից։ «Նրանք հույս ունեն, որ Չինաստանը եւ հիմա արդեն նաեւ Իրանը կարող են ներդրումներ կատարել տարածաշրջանի էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքների մեջ»,- ընդգծում են դիվանագետները՝ նշելով, որ հենց դա պետք է ստիպի Արեւմուտքին փոխել Հարավային Կովկասում իր ռազմավարությունը։
Նրանք կարծում են, որ Արեւմուտքը պետք է ավելի շատ կապեր  հաստատի Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ, ավելի շատ հնարավորություններ տա Հայաստանին մասնակցելու Արեւելյան գործընկերության ծրագրին։ Միաժամանակ նրանք կոչ են անում դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունն այդ ծրագրին, քանի դեռ այդ երկրում չեն հարգվում մարդու իրավունքները։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Արեւմուտքը պետք է աշխուժացնի Մինսկի գործընթացը եւ ակտիվացնի ժողովրդական դիվանագիտությունը՝ հնարավոր լուծումներ գտնելու համար, ինչպես նաեւ Թուրքիային կոչ անի զարգացնել Հայաստանի հետ հաշտեցման նոր նախաձեռնությունը, քանի որ փակ սահմանները մեծացնում են Հայաստանի կախվածությունը Իրանից։ Իսկ Վրաստանի դեպքում անվիզա ռեժիմը պետք է լինի ԵՄ առաջնայնությունը։

Պատմության ողջ ընթացքում, քանի դեռ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան պայքարում էին Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը տարածելու համար, այնտեղ հնարավոր չէր լինում հաստատել անկախություն, ազատություն եւ բարգավաճում։ Իսկ Թբիլիսին, Բաքուն եւ Երեւանը ձգտում են հասնել այդ նպատակներին, եւ Արեւմուտքը պետք է մեծացնի աջակցությունը։

«Սակայն միեւնույն ժամանակ Հարավային Կովկասը խոցելի է մնում։ Արեւմուտքը պետք է հետեւի առավել սթափ մարտավարության, որպեսզի օգնի Հարավային Կովկասին՝ գործ ունենալով անորոշ Իրանի եւ առավել համառ Ռուսաստանի հետ»,- կարծում են դիվանագետները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ