Բրիտանական The Guardian պարբերականի Մերձավոր Արեւելքի թղթակից Մարտին Չուլովը թուրքական BirGun պարբերականի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ թուրքական իշխանությունների եւ ահաբեկչական «Իսլամական պետության» միջեւ համագործակցության մասին փաստաթղթերը հայտվել են ամերիկյան կողմի ձեռքին:
Թուրքական BirGun-ի հետ զրույցում Մարտին Չուլովը պատմել է, ԱՄՆ զինվորականների գործողությունների արդյունքում «Իսլամական պետության» նավթի վաճառքի հարցերով պատասխանատուին սպանելու ժամանակ հայտնաբերվել են մեծ թվով թղթային եւ թվային փաստաթղթեր, որտեղ բացահայտվում է Անկարայի եւ ԻՊ-ի միջեւ համագործակցությունը:
Մարտին Չուլովը շեշտել է, թե ԱՄՆ-ն այդ փաստաթղթերը չի բացահայտնի աշխարհին, այլ պետք եղած ժամանակ դրանք Թուրքիայի դեմ որպես հաղթաթուղթ կօգտագործի:
Բրիտանացի լրագրողը հիշեցրել է նաեւ, որ թուրքական անվտանգության ուժերը խիստ գաղտնիության տակ են պահում, թե Թուրքիայից կոնկրետ ովքեր են նավթ գնում իսլամիստ-ահաբեկիչներից` շեշտելով, որ 2012-ից սկսած Թուրքիան աչք է փակում Ասադի դեմ կռվելու համար Սիրիա անօրինական մտնողների վրա:
Նա նաեւ նշել է, թե Թուրքիան ԻՊ-ի հետ ունի համատեղ շահեր` քրդերի եւ Ասադի դեմ ճնշումների հարցում: