News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հուլիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարության եւ ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում մեկնարկել է «Արեւմտահայերենի եւ արեւելահայերնեի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը, որն իր աշխատանքները կշարունակի հուլիսի 30-ին:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նա մասնավորապես ասաց. «Համոզված եմ, որ մայրենի լեզվի երկու ճյուղերին նվիրված այս համաժողովն իր նպաստը կբերի մեր լեզվի միասնական զարգացման ու գործառության, պահպանության, կանոնարկման ու գիտական ուսումնասիրության, անաղարտության պահպանության, ուսուցման խնդիրներին վերաբերող նախաձեռնությունների, ծրագրերի, գործողությունների առաջադրման ու իրագործման համար:

Ցեղասպանության պատճառած անդառնալի վնասներից են նաեւ մեր լեզվական կորուստները, որոնց հաղթահարման ուղղությամբ շատ անելիքներ ունենք: 

Անդառնալի կորստի մատնվեցին տասնյակ արեւմտահայ բարբառներ, իր պատմական հայրենիքից եւ բնականոն զարգացման հնարավորությունից զրկվեց գրական արեւմտահայերենը, որը ծվեն-ծվեն եղած գոյամարտ է մղում աշխարհի չորս ծագերում: Այն մեծ աջակցության կարիք ունի, քանզի Սփյուռքում արեւմտահայերենն ունի հայապահպանական կարեւորագույն գործառույթ: Մայրենին, իրավամբ, տունն է հայի աշխարհի չորս ծագերում:

Անուրանալի են լեզվապահպանության առումով Սփյուռքի կառույցների ջանքերը: Բարձր գնահատանքի է արժանի հատկապես հայ եկեղեցու աջակցությունն այդ հարցում: Հայաստանում եւս աշխատանքներ են ծավալվել արեւմտահայերենի ուսումնասիրման, ուսուցման, դասագրքերի եւ ուսումնական այլ նյութերի ստեղծման  ասպարեզում: ՀՀ կառավարությունը, ի դեմս Սփյուռքի նախարարության, համագործակցում է Գիտությունների ազգային ակադեմիայի, բուհական հաստատությունների, գիտամշակութային տարբեր կազմակերպությունների հետ՝  արեւմտահայերենի կիրառման ոլորտների ընդլայնման, արեւելահայերենի եւ արեւմտահայերենի մերձեցման, հայրենազրկված եւ կորստի մատնված բարբառների նշխարները հավաքելու եւ ի մի բերելու համար:

Մենք պարտավոր ենք արեւմտահայերենը պահպանել անաղարտ պահել եւ ապահովել հայերենի միասնական զարգացումը՝ իբրեւ ազգային միասնության պահպանման եւ պետականության զարգացման կարեւորագույն գործոն»:

Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հավելեց. «Ընդհանրապես, մեր նախարարության կողմից տարիներ շարունակ իրականացվող բազում ծրագրեր միտված են նպաստելու Սփյուռքում լեզվապահպանությանը եւ այդ ճանապարհով՝ ազգապահպանությանը: Այդպիսիք են, օրինակ, «Սփյուռք» ամառային դպրոց», «Արի տուն», «Էլեկտրոնային գրադարան», «Արեւմտահայերենից արեւելահայերեն եւ հակառակը փոխարկիչ», «ԱՊՀ երկրների հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն աջակցություն», «Հայոց լեզվի ուսուցման հեռուստադպրոց», «Ուսուցիչների գործուղում հեռավոր տարածաշրջաններ», «Արեւմտահայերենին  վերաբերող  գիտական  հետազոտութ¬յուն¬ների խրախուսում»  եւ այլ ծրագրեր»:

Հարգելի բարեկամներ, նախաձեռնելով այս համաժողովը՝ մենք լիահույս ենք, որ առաջադրված խնդրով մտահոգ գիտնականներդ, մտավորականներդ, մանկավարժներդ հանդես կգաք իրավիճակի վերլուծություններով, դիտարկումներով, առաջարկություններով, որոնք կնպաստեն լեզվապահպանությանն աջակցելու համալիր ծրագրի մշակմանը, Սփյուռքի հետ գիտակրթական կապերի ամրապնդմանը, արեւմտահայերենի դասավանդման, ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի եւ մեթոդների բարեփոխմանը, Հայաստանի Հանրապետությունում արեւմտահայերենի դասավանդման որակական նոր մակարդակի ձեռքբերմանը, հայերենի երկու ճյուղերի համընթաց ու միասնական զարգացման, փոխհարստացման ուղիների մշակմանը»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: Նա կարեւորեց համաժողովի դերը հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցմանն առնչվող խնդիրների լուծման գործում եւ նշեց, որ լեզվի երկու ճյուղերի կանոնակարգումն ու բառաֆոնդի հարստացումը օրախնդիր է, առաջիկայում գործելու է Հայերենի բարձրագույն խորհուրդը, որն իր հերթին կնպաստի այդ խնդիրների լուծմանը: Առկա խնդիրները լուծելու նպատակով ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ստեղծվել եւ գործում է արեւմտահայերենի բաժին:

«Հայոց լեզվի առջեւ ծառացած մարտահրավերները ցեղասպանությունից 100 տարի անց» զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը: Նա անդրադարձավ լեզվի երկու ճյուղերի ներկա վիճակին եւ առկա խնդիրներին, ներկայացրեց ցեղասպանության հետեւանքով եւ խորհրդային շրջանում Ադրբեջանում հայկական բարբառների կորստին, լեզվի զարգացման ու երկու ճյուղերի մերձեցման խոչընդոտներին:

Համաժողովը շարունակվում է, զեկուցումներով հանդես կգան Հայաստանի եւ Սփյուռքի անվանի լեզվաբաններ, գրականագետներ, ոլորտի այլ մասնագետներ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ