News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի համայնքային ենթակայության մանկապարտեզները նոր գույքով համալրելու տարեկան ծրագիրը մեկ ամիս է, ինչ ընթացքում է։ Արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվող ծրագրում յուրաքանչյուր տարի ընդգրկվում են բոլոր մանկապարտեզները, որոնք աստիճանաբար համալրվում են անհրաժեշտ նոր գույքով՝ ըստ տարվա գույքագրման տվյալների։

«Երեք տարի առաջ, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը  նախաձեռնեց այս լայնածավալ ծրագիրը, Երեւանի գրեթե բոլոր մանկապարտեզներում դեռեւս խորհրդային տարիների հնամաշ գույքն էին գործածում։ Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ ծրագրի ենթաբաժիններից մեկը, օրինակ, լիարժեք կատարված է. համայնքային ենթակայության բոլոր 162 մանկապարտեզներն ապահովված են խոհանոցային նոր տեխնիկայով՝ սառնարաններով, սառցախցիկներով, մսաղացներով. որոշներն անգամ, հաճախող երեխաների թվով պայմանավորված՝ երկու եւ ավելի սառնարանով։ Ծրագիրն իրականացվում է տարեկան ծամանակացույցի համաձայն։ Կոշտ գույքի բաշխումը շարունակվում է։ Մահճակալներից, զգեստապահարաններից բացի, այս տարի մանկապարտեզներն առաջին անգամ ստանում են նաեւ խոհանոցի կենցաղային նոր գույք՝ տեխնիկական մասնագիտական բնութագրերով։ Տարեկան այս ծրագիրը շարունակական է լինելու։ Քաղաքապետի պահանջն է՝ յուրաքանչյուր երեխա, ով հաճախում է մանկապարտեզ, իրեն անհրաժեշտ նորմատիվներով լիարժեք ապահովված լինի՝ որակյալ սննդով  ու այն ամենով, ինչ չափորոշիչներով սահմանված է նրա համար»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը եւ հավելել, որ ընդունող հանձնաժողովը մանրակրկիտ հետեւողականությամբ է ստուգում գույքի համապատասխանությունը տեխնիկական բնութագրերին։ Այս տարի որեւէ թերացում չի արձանագրվել։

 2015 թվականին Երեւանի համայնքային ենթակայության մանկապարտեզներին քաղաքապետարանը բաշխելու է ընդհանուր հանրագումարով՝ 1130 հատ երկհարկանի մահճակալ, 1084 հատ մանկական զգեստապահարան (յուրաքանչյուրը 5 երեխայի համար նախատեսված առանձնացված բաժիններով), սննդի մշակման 420 սեղան, խմորի մշակման 149 սեղան, պատրաստի սննդի բաշխման 158 սեղան, հացի, ինչպես նաեւ չոր սննդամթերքի (օրինակ՝ մակարոն) պահպանման փայտե 561 պահարան՝ տարբեր տարողությունների։ Այս տարվա ծրագրով նախատեսված 107 սառնարաններն արդեն բաշխվել են մանկապարտեզներին։

Տպել
Ամենաշատ