News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալիայի Մեսինա քաղաքում (Սիցիլիա) հուլիսի 26-ից օգոստոսի 2-ը տեղի ունեցող ամենամյա «Օրչինուս Օրկա» 13-րդ փառատոնի այս տարվա պատվավոր հյուրը Հայաստանն է: Փառատոնի շրջանակում կայացան Հայաստանին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայկական մշակույթին ու պատմությանը, Լեռնային Ղարաբաղին նվիրված միջոցառումներ:

Հուլիսի 26-ին Լիպարի կղզու հռոմեական հայտնի Սան Կալոջերնո պատմական տարածքում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ժամանակակից արվեստի նկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Վան Լեոյի, Մարիո Սիլլանի Ջերակյանի, Շարիս Կարապետյանի, Կլաուդիո Գոբբիի եւ Ագնեսե Պուրգատորիոյի աշխատանքները: Ցուցահանդեսի բացումը կատարեց հայտնի արվեստաբան, Տուրինի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր եւ լրագրող Մարտինա Կորնյատին, ով այս տարի մասնակցել էր Երեւանում գումարված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին:

Փառատոնի պաշտոնական բացումը կայացավ հուլիսի 28-ին. այն նախագահում էին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, «Օրչինուս Օրկա» փառատոնի նախագահ Գաետանո Ջունտան եւ Մարտինա Կորնյատին:

Դեսպան Ղազարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Փառատոնի կազմակերպիչներին՝ հայ ժողովրդի հետ համերաշխության եւ բարեկամության համար, խոսեց Սիցիլիայի հետ հայ ժողովրդի պատմական կապերի, միջանադարյան Սիցիլիայի տնտեսության եւ մշակույթի զարգացման գործում հայերի ունեցած դերի մասին: Նա կարեւորեց Հայաստանի եւ Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ գործընկերության զարգացումն ու ամրապնդումը: Դեսպանն անդրադարձավ նաեւ Հայոց ցեղասպանությանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նոր ցեղասպանությունների կանխարգելման նպատակով նա անհրաժեշտ համարեց կրթական ծրագրերի եւ զանգվածային իրազեկվածության ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Սարգիս Ղազարյանն ընդգծեց, որ նման միջոցառումների անցկացումը նպաստում է ցեղասպանությունների մասին իրազեկվածության տարածմանը եւ դրանով իսկ՝ կանխարգելմանը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսելիս դեսպանը կարեւորեց հակամարտության մասին անկողմանակալ տեղեկատվության տարածումը՝ որպես Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրումը կանխարգելող միջոց:

Պաշտոնական բացումից հետո կայացավ իտալահայ գրող Վազգեն Բերբերյանի «Անտարբեր երկնքի տակ» վեպի շնորհանդեսը: Շնորհանդեսին հաջորդեց համերգ, որի ժամանակ իտալացի երաժիշտների կատարմամբ հնչեցին նաեւ հայկական ժողովրդական ստեղծագործություններ:

Նույն օրը ցուցադրվեցին Տոնինո Գուերայի մասին եւ այս տարի Մարտինա Կորնյատիի ու Մատեո Բեռնարդինիի «Հայաստան-2015» Հայաստանում նկարահանված ֆիլմերը: «Հայաստան-2015» ֆիլմը բաղկացած է 2 մասից. առաջին մասը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղին:

Հուլիսի 29-ին ցուցադրվեց Արմին Վեգների մասին փաստագրական ֆիլմ, որտեղ լայն անդրադարձ կար Հայոց ցեղասպանության մասին նրա վկայություններին:

Հուլիսի 30-ին «Ա, ինչպես Հայաստան» խորագրի ներքո կայացան Ֆրանչեսկո Դելլա Նոչեի, ֆրանսահայ լուսանկարիչ Անտոնի Ագուջյանի մասին տեսանյութի ցուցադրությունը եւ Մարտինա Կորնյատիի եւ Ուգո Վոլիի «Չավարտված ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը:

Դեսպան Ղազարյանը հարցազրույց տվեց «Gazzetta del Sud» օրաթերթին: Կայացած միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին իտալական լրատվամիջոցների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ