News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

38 համարի երթուղին սպասարկող ավտոբուսները (երթուղին՝ Նոր Կյուրին գյուղից  Նոր Նորքի 2-րդ զանգված) շաբաթ և կիրակի օրերին չեն աշխատում։  Այս խնդրով NEWS.am–ի խմբագրություն դիմած քաղաքացին պատմեց, որ ինքն աշխատում է նաեւ հանգստյան օրերին, եւ աշխատանքի գնալու համար շաբաթ եւ կիրակի ստիպված է լինում տրանսպորտի մի քանի միջոցից օգտվել։

«Քանի որ հանգստյան օրերին 38 համարի ավտոբուսները չեն աշխատում, ես ստիպված եմ լինում այդ օրերին երկու տրանսպորտ փոխել, որ աշխատանքի հասնեմ, կամ ոտքով մի քանի կանգառ քայլել»,- դժգոհեց Ն. Նորքի 2-րդ զանգվածի բնակիչը, որն աշխատում է կ/թ «Հայրենիքի» շրջակայքում։

Նրա խոսքով` աշխատանքային օրերին նույնպես ավտոբուսներն աշխատում են մեծ ինտերվալներով։

«Ավտոբուսների միջև ինտերվալը մեկ ժամից ավելի է տևում, էլ չասեմ, որ ժամը 8–ից հետո 38 համարի ավտոբուսները չեն աշխատում»,- ասաց քաղաքացին։

NEWS.am-ը խնդրի հետ կապված պարզաբանում ստանալու համար կապվեց Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, որը վստահեցրեց, որ 38 համարի ավտոբուսները աշխատում են շաբաթվա բոլոր օրերին։ Ըստ նրա` պարզապես շաբաթ օրը երթուղին սպասարկում է 4-5, իսկ կիրակի օրերին` 2 ավտոբուս, աշխատանքային օրերին ավտոբուսներն աշխատում են միջինը 10-15 րոպե ինտերվալով մինչեւ ժամը 22։00–ն։

Մինչդեռ մեզ դիմած քաղաքացին վստահեցրին, որ ժամանակին երթուղին իսկապես շատ լավ է աշխատել, սակայն մի քանի ամիս առաջ ավտոբուսների քանակը կտրուկ կրճատվել է։

«Կոնկրետ ժամ չկա, որ այդ ժամին իմանանք` գալու է ու սպասենք։ Գործից չուշանալու համար մոտ մի կիլոմետր քայլում ենք, որ տրանսպորտ նստենք ու տեղ հասնենք»,- ասաց նա։

Տպել
Ամենաշատ