News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Նախարարը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, հույս հայտնելով, որ կրթության եւ գիտության ոլորտում լավագույն ավանդույթների վրա հիմնված հայ-գերմանական հարաբերությունները կնշանավորվեն նոր նախաձեռնություններով:

Արմեն Աշոտյանի նշել է, որ կրթության ոլորտում Գերմանիան հանդիսանում է մեր երկրի կարեւոր եւ խոշոր գործընկերը` ընդգծելով, որ այդ համագործակցությունը բազմաշերտ է: Նախարարը, մասնավորապես,  կարեւորել է Հայաստանում գերմաներենի տարածման ծրագիրը, ինչպես նաեւ Գյոթեի ինստիտուտի լեզվական կենտրոնի բացումը` հույս հայտնելով, որ մեր երկրում կգործի նաեւ վերոնշյալ բուհի լիարժեք մասնաճյուղը:

Արմեն Աշոտյանը նաեւ ընդգծել է միջդպրոցական կապերի, ինչպես նաեւ DAAD-ի միջոցով կրթական ծրագրերի ընդլայնումը: Նախարարն առանձնահատուկ կարեւորել է Հալլե Վիտտենբերգի համալսարանում հայագիտության կենտրոնի հետագա կայուն գործունեությունը` ընդգծելով, որ ներկայումս կենտրոնի ֆինանսավորումը ստանձնել են Սաքսոնիա Անհալթ երկրամասի կառավարությունը եւ վերոնշյալ բուհը, որի համար նա իր շնորհակալությունն է հայտնել վերոնշյալ կառույցներին: Նախարարի խոսքով` հայ-գերմանական կապերի համար նոր հնարավորություն է  եվրոպական ծրագրերի շրջանակում համագործակցությունը, մասնավորապես, Էրազմուս+ եւ Հորիզոն 20/20 ծրագրերի շրջանակում:

Դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ հայ-գերմանական կապերի մեջ կրթության ոլորտում համագործակցությունը հիրավի հանդիսանում է հիմնասյուներից մեկը: Նա հատուկ ընդգծել է միջբուհական համագործակցության եւ փոխանակման ծրագրերի ընդլայնման հարցը, ինպես նաեւ հայագիտական կենտրոնի պահպանման խնդիրը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Սաքսոնիա Անհալթ երկրամասի կրթության նախարարի` Հայաստան նախատեսվող այցի մանրամասները եւ համապատասխան հուշագրի ստորագրման հնարավորությունը:

Տպել
Ամենաշատ