News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Նոր քաղաքական մշակույթ կուսակցության» նախագահ Անի Զախարյանը «Օրինաց երկիր» կուսակցության ստեղծած «Հայկական վերածնունդ»  հասարակական-քաղաքական միավորմանը չի միացել, սակայն չի բացառում դրա հնարավորությունը։ NEWS.am-ի հետ զրույցում Անի Զախարյանն ասաց, որ առայժմ ինքը հետևում է այդ շարժման գործունեությանը և կմիանա միայն այն դեպքում, եթե համոզվի, որ այն կապ չունի իշխանության հետ:

«Առայժմ զգուշավորությամբ եմ մոտենում այս գործընթացին և եթե հանկարծ տեսնեմ, որ ոչ լեգիտիմ իշխանության և այս շարժման միջև ոչ ցանկալի երկխոսություն է սկսվում, ողջ ուժով դեմ դուրս կգամ։ «Հայկական վերածնունդը» նոր քաղաքական գործընթաց չի, դա նույն ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախագիծն է, ով իր քաղաքական գործունեությանը նոր ձևակերպում է տվել։ Անվանումը և գաղափարն ինձ դուր են գալիս և մենք ունենք այդպիսի մի ազգային վերածննդի կարիք »,-ասաց նա:

Անի Զախարյանը նշեց, որ թեև նախկինում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը շատ սխալներ է թույլ տվել, սակայն ինքը «Օրինաց երկիր» կուսակցությանը համարում է մեծ քաղաքական փորձառություն ունեցող  քաղաքական միավոր: Նրա խոսքով` պետք է ևս մեկ շանս տալ Արթուր Բաղդասարյանին քաղաքական նոր ձեռագրով հանդես գալու համար:

«Ես որպես քաղաքական գործիչ, որը գտնում է, որ այսօր ազգային ռեսուրսի պակասի խնդիր ունենք, պատրաստ եմ այդ շանսը տալու «Հայկական վերածնունդ» շարժմանը, սակայն այլ խնդիր է, թե ինչպես այն կօգտագործի այդ շանսը: ՕԵԿ-ը ԱԺ-ում զբաղված չի միայն վայրահաչելով, ինչպես շատ ընդդիմադիր պատգամավորներ, որոնց դատարկ պոռոտախոսությունը ոչինչ չի տալիս մեր երկրին և ժողովրդին, այլ իսկապես շատ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է»,-նշեց նա։

Նշենք, որ վերջերս տեղեկություն էր տարածվել, թե  Անի Զախարյանից բացի «Օրինաց երկիր» կուսակցության ստեղծած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանն են պատրաստվում միանալ «Ժողովրդական» կուսակցության նախագահ  Տիգրան Կարապետյանը, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը,  «Ազգային անվտանգություն»  կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և այլք։

Տպել
Ամենաշատ