News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի Նելսոն Ստեփանյան 5 հասցեի բնակիչներն ահազանգում են, որ վերջին օրերին իրենց ծորակներից կապույտ ջուր է հոսում:

«Կեսգիշերից հետո մոտ 3-ին ծորակը բացեցի, կապույտ գույնի էր ջուրը եւ տարօրինակ հոտ ուներ: Աչքերիս չէի հավատում, տան բոլոր ծորակները բացել եմ, բոլորից նույն տեսակի ջուր էր գալիս»,- NEWS.am-ին ասաց բնակիչներից Կարեն Պետրոսյանը, որը ջրի տարօրինակ գույնը նկատելուն պես հավաքել էր այն տարայում, լուսանկարահանել ու տարածել այն:

NEWS.am-ը եղավ Կարեն Պետրոսյանի բնակարանում: Պարզվեց` շենքի  մյուս բնակիչները եւս նկատել են ջրի գույնի փոփոխությունը:

«Երեկ առավոտյան զուգարանի ջուրը քաշեցի, կապույտ ջուր լցվեց»,- ասաց բնակչուհիներից Ջուլիետա Հակոբյանը:

Զուգարանում կապույտ ջուր նկատել էին նաեւ այլ բնակիչներ, որոնք NEWS.am-ին ասացին, որ ենթադրել են՝ ջուրը մաքրող միջոցների հետեւանքով է գույնը փոխել:

«Երեկ չէ առաջին օրը նկատեցի, մտածում էի՝ տնեցիները զուգարանակոնքն են լվացել, բայց այսօր էլ էր նույնը»,- ասաց բնակչուհիներից Արեգնազ Իսախանյանը՝ չբացառելով, որ կարող էր նույն գույնի ջուր եկած լինել խոհանոցի ծորակից, բայց ինքը  անուշադրության հետեւանքով չնկատեր:

Բնակիչները դեռ չեն ահազանգել «Երեւան ջուր» ՓԲԸ:

«Երեւան ջուր» ընկերության մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանը NEWS.am-ին ասաց, որ իրենք դեռ բողոքներ չեն ստացել: Նա կապույտ ջուր նկատած քաղաքացիներին հորդորեց կապվել իրենց հետ՝ ջրի նմուշ տրամադրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ