News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նա արգելափակել է 40 հազար կայք, այդ թվում՝ YouTube-ը եւ и Twitter-ը: Նա բանտ է նստեցրել տասնյակ դատապաշտպանների, որոնք համաձայն չէին իր հետ: Հիմա էլ արմատական իսլամն է պարտադրում իր երկրին: Նա կոռումպացված է: Ո՞վ է նա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին կանադական «Le Journal de Montréal» թերթում գրում է տեսաբան, քաղաքագետ, համալսարանի դասախոս Լոիք Տասսեն:

«Իսկ հիմա, դժգոհ լինելով հունիսյան ընտրությունների արդյունքներից, նա ուզում է մոտ ժամանակներս կրկնակի ընտրություններ անցկացնել: Բանն այն է, որ բնակչությունը նրան թույլ չի տվել մեծամասնության կառավարություն ձեւավորել, ու նա ստիպված է փոքրամասնության կառավարություն ձեւավորել: Ասես պատահաբար՝ Էրդողանին չի հաջողվում համաձայնության գալ մյուս քաղաքական կուսակցությունների հետ: Եվ դրա համար պատճառներ կան. նա ուզում է նախագահական նոր լիազորություններ ստանալ, իսկ ընդդիմադիր պատգամավորները մերժում են: Բայց այս հանգամանքը նրան չի խանգարում.  էրդողանը որոշել է այնպես կառավարել, ասես արդեն ստացել է այդ լիազորությունները: «Համաձայն եք, թե ոչ՝ Թուրքիայի ռեժիմը փոխվել է»,- ասում է նա իր ընդդիմախոսներին»,- նշում է հոդվածագիրը:

Տեսաբանը հիշեցնում է, որ արդեն երկար տարիներ է՝ Էրդողանը հաջողությամբ օգտագործում է երկիրը փոքր քայլերով իսլամականացնելու ռազմավարությունը, որպեսզի ընտրություններում ապահովի իր հաղթանակը: «Այս իսլամականացման շնորհիվ նա ստացել է հոգեւոր խավի ու անկիրթ մարդկանց աջակցությունը: Սակայն այս ընտրական ռազմավարությունը կարծես սպառել է իրեն: Մի կողմից՝ առավել կիրթ ու կրոնից առավել հեռու բնակչության մի մասը հանդիմանում է նրան իսլամականացման քաղաքականության ու կոռուպցիայի աճի համար: Մյուս կողմից՝ առավել արմատական բնակչությունը համարում է, որ նա բավականաչափ քայլեր չի ձեռնարկում: Բացի այդ, «Իսլամական պետության» առաջնորդները կոչ են արել տապալել նրա կառավարությունը»,- շեշտում է հոդվածագիրը:

«Ի՞նչ անել ստեղծված իրավիճակում»,- հարցնում է քաղաքագետը: Նրա խոսքով՝ Էրդողանը, կարծես, որոշել է Թուրքիայի բնակչությանը համախմբել՝  ազգայնականություն կամ, ավելի ճիշտ, քրդերի նկատմամբ թուրքերի հին ատելությունը բորբոքելու ճանապարհով: «Խնդիրն այն է, որ քրդերը «Իսլամական պետության» դեմ լավագույն մարտնչողներից են»: Իսկ հիմա Էրդողանի կառավարությունը որոշել է վերսկսել քրդերի դեմ պատերազմը, չնայած 2013 թվականին նրանց հետ հրադադարի մասին համաձայնագիր էր կնքել»,- գրում է տեսաբանը:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Էրդողանի կառավարությունը դարձել է «Իսլամական պետության» անուղղակի դաշնակիցը: «Չնայած Էրդողանի կառավարությունն «Իսլամական պետության» հետ պատերազմական վիճակում է, այնուամենայնիվ, որոշ դիտորդներ նշում են, որ թուրքական բանակը հարվածներ է հասցնում հատկապես քրդերի դիրքերի ուղղությամբ: Այս ամենն արվում է, որպեսզի Ռեջեփ Թայիփ էրդողանն ամրապնդի իր անձնական իշխանությունը: Ահա այսպիսի շիլափլավ...»,- ամփոփում է Լոիք Տասսեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ