News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրանը եվրասիական կայացած տերություններից մեկն է, այդ պատճառով իրեն իրավունք է վերապահում Հարավային Կովկասում հատուկ կարգավիճակ ունենալ: Այս մասին Al Jazeera-ի կայքում հրապարակված իր հոդվածում գրում է վերլուծաբան Լյուկ Քոֆին:

Նա նշում է, որ դեռեւս 18-րդ եւ 19-րդ դարերում Ռուսական Կայսրությունն ու Պարսկաստանը վիճարկում էին տարածաշրջանում ազդեցության իրավունքը, ինչը տեղի բնակչության համար ողբերգական հետեւանքներ էր ունենում: Այսօր Ռուսաստանն ու Իրանը միմյանց դեմ չեն պատերազմում Հարավային Կովկասում տարածքի համար, բայց դեռեւս պայքարում են ազդեցության համար:  «Ռուսաստանը հաղթող էր դառնում, բայց դա կարող է փոխվել»,- համարում է հեղինակը:

Նրա խոսքով, Իրանը պատժամիջոցների պատճառով ստիպված էր սահմանափակել իր արտաքին քաղաքական հավակնությունները, այն դեպքում, երբ Ռուսաստանն իրեն ավելի հետեւողական էր պահում, նույնիսկ «ռազմական ուժ էր կիրառում՝ իր ազգային շահերն առաջ մղելու համար»:

Բայց Վիեննայում համաձայնագրի ստորագրումից հետո Թեհրանը միջազգային թատերաբեմում ավելի շատ ռեսուրս եւ ինքնավստահություն կունենա, ինչպես նաեւ՝ Ռուսաստանից ավելի փոքր կախվածություն: «Դա եւս հետեւանքներ կունենա Հարավային Կովկասի համար: Իրանը կսկսի իր նոր կարգավիճակն ու ռեսուրսներն օգտագործել Հարավային Կովկասի, հատկապես՝ Հայաստանի եւ Վրաստանի գործերին ավելի ակտիվորեն մասնակցելու համար: Վերոհիշյալ երկու քրիստոնեական երկրների համար Իրանի հետ հարաբերությունները հիմնված են աշխարհագրական եւ պատմական իրողությունների վրա»,- գրում է Քոֆին:

Վերլուծաբանը նշում է, որ Վիեննայի համաձայնագրի թանաքը դեռեւս չէր չորացել, երբ Իրանն արդեն սկսել էր խոսել Հայաստանում խոշորածավալ ներդրումային ծրագրերի մասին: Քոֆին հավելում է, որ Հայաստանի հետ ավելի մտերիմ հարաբերություններ ունեցող Ռուսաստանը կասկածանքով կնայի դրան:  Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին  էլ հայտարարել է, որ Վիեննայում կնքված գործարքը Վրաստանի հետ համագործակցության նոր էջ է բացել: 

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, հեղինակի խոսքով՝ իրավիճակն այնքան էլ անամպ չէ: «Ադրբեջանա-իրանական հարաբերությունները, որոնք արտաքինից բարեկամական են, հղի են լարվածությամբ»,- ընդգծում է վերլուծաբանը՝ Ադրբեջանին համարելով աշխարհում առավելապես շիաներով բնակեցված այն տարածքներից մեկը, որտեղ Իրանը չի կարողացել իր ազդեցությունը տարածել: 

Իրանին զայրացնում են նաեւ Բաքվի եւ Իսրայելի մտերիմ հարաբերությունները, ինչպես նաեւ այն, որ Իրանի ադրբեջանական համայնքը մեծ ինքնավարություն է պահանջում: Բացի այդ, Իրանը վիճարկում է Կասպից ծովի հանդեպ Ադրբեջանի հավակնությունները: Բայց հեղինակը կարծում է, որ այն պարագայում, երբ ԱՄՆ-ը ավելի պասիվ է Հարավային Կովկասում, իսկ Մոսկվան ամրապնդում է Ադրբեջանի թշնամի Հայաստանի հետ հարաբերությունները, Բաքուն եւ Թեհրանը ավելի շուտ պրագմատիկ համագործակցության կանցնեն, հատկապես էներգետիկայի ոլորտում: Նավթային եւ գազային նախագծերը Եվրոպա կհասնեն Հարավային Կովկասի խողովակաշարերի միջոցով, եւ Թուրքիան ու Ադրբեջանը կարեւոր դեր կխաղան Իրանին այդ նպատակներն իրականացնելուն աջակցելու առումով:  

«Չնայած Իրանը Ռուսաստանի հետ մրցակցում է Հարավային Կովկասում ազդեցության համար, Թեհրանը նույն նպատակներն ունի, ինչ Մոսկվան, այն է՝ տարածաշրջանից դուրս մղել օտարերկրյա, հատկապես ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ազդեցությունը: Եթե ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն լրջորեն են վերաբերվում Հարավային Կովկասի երկրների հետ իրենց կապերին, պետք է ավելի ակտիվ լինեն տարածաշրջանում: Հակառակ դեպքում վակուում կստեղծվի, որը կլցվի Ռուսաստանի եւ Իրանի միջեւ անառողջ մրցակցությամբ: Եթե պատմությունը մեզ ինչ-որ բան ասում է, դա կարող է սարսափելի հետեւանքներ ունենալ տարածաշրջանի վրա»,- ամփոփում է Քոֆին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ