News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկախությունը միայն երջանկություն չէ, անկախությունը միայն իրավունք չէ, անկախությունը նաեւ պարտականություն է եւ պատասխանատվություն, անկախությունը գին ունի, եւ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է վճարել այդ գինը: Այս մասին օգոստոսի 22-ին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը ծանոթացել է «Բազե-2015» հավաքի շրջանակում անցած օրերին կայացած միջոցառումներին, բազեականների առօրյային, դիտել այդ ամենը ներկայացնող տեսանյութը, հավաքի մասնակիցների կազմակերպած ֆլեշմոբը: Բազեականների հետ հանդիպումից եւ նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելուց հետո, Սերժ Սարգսյանը ողջույնի խոսք է հղել հավաքի մասնակիցներին:

«Բարի երեկո, սիրելի՛ բազեականներ: Ուզում եմ մի փոքր պարծենալ եւ ասել, որ հպարտ եմ, որ մասնակցել եմ Բազեի բոլոր 13 հավաքներին, որովհետեւ ինձ դուր է գալիս երիտասարդական միջավայրը՝ այս ջերմ, անբռնազբոսիկ միջավայրը եւ, ընդհանրապես, ինձ դուր է գալիս, որ մեր երկրի տարբեր ծայրերից ու նաեւ Սփյուռքից հավաքվում են բազմաթիվ մարդիկ՝ խնդիրներ քննարկելու, գաղափարներ փոխանակելու համար: Հասկանալի է, որ բոլորին հաճելի է բնության գրկում ժամանակ անցկացնել, առավել եւս՝ հասակակիցների հետ: Բայց ես շատ ուրախ եմ, որ դուք այդ ժամանակն անցկացնում ենք նաեւ արդյունավետ. ծնվում են նոր գաղափարներ, նոր ծրագրեր: Ընդհանրապես, կենդանի շփումն այսօր՝ այս խելահեղ էլեկտրոնային դարում, չափազանց կարեւոր է: Վայելե՛ք այդ կենդանի շփման առավելությունները: Ես վստահ եմ, եւ այստեղ ներկա վաստակավոր բազեականները դա կհաստատեն, որ դուք, անշուշտ, տուն եք վերադառնալու նոր ծրագրերով, տուն եք վերադառնալու ձեզ հետ տանելով լավ հիշողություններ, նոր մտերիմներ ձեռք բերած, եւ դա անհրաժեշտ է, որպեսզի դուք կարողանաք մնացած ժամանակահատվածն անցկացնել ձեզ համար ավելի օգտակար:

Բոլոր ժամանակներում, առավել եւս մեր՝ երիտասարդության առջեւ ծառացած խնդիրները միշտ սուր են եղել, որովհետեւ երիտասարդությունն այն ժամանակահատվածն է, երբ մարդիկ դեռեւս չեն հասցրել կայանալ, լուրջ աշխատանքներ կատարել (բացառությունների մասին չեմ խոսում), դա այն տարիքն է, երբ երազանքներն ու ծրագրերն ավելի շատ են, քան կատարած աշխատանքը: Բայց, փառք Աստծո, երիտասարդությունը նաեւ այն սքանչելի ժամանակահատվածն է, երբ ամեն ինչ դեռեւս առջեւում է: Երբեք չերկնչեք ծրագրեր իրականացնել: Նույնիսկ ամենահանդուգն ծրագրերն իրականանում են: Իրականանում են, եթե մարդը հաստատակամ է: Եղե՛ք համարձակ, եւ մենք միշտ պատրաստ ենք սատարելու ձեզ՝ ձեր ուսումնառության, ձեր առաջխաղացման գործընթացում: Սերնդափոխությունը բնության անքակտելի օրենք է: Տարիքով ավագներն ինչքան էլ դիմադրեն, միեւնույն է, նրանք իրենց տեղը զիջելու են ձեզ, եւ դուք պատրաստ պետք է լինեք այդ տեղը զբաղեցնել: Հորդորում եմ ձեզ՝ տրամադրվել Հայաստանում մշտապես ապրելու գաղափարին, եւ ձեր ծրագրերը կառուցել ու իրականացնել՝ հաշվի առնելով հայաստանյան իրողությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք առավել հաջողության կարող եք հասնել Հայաստանում: Պատրաստ եղեք այդ պատասխանատվությունը ստանձնելու եւ գործելու:

Սիրելի՛ բարեկամներ, 25 տարի առաջ մենք ընդունեցինք Հայաստանի անկախության հռչակագիրը: Երբ ընդունում էինք Հռչակագիրը, մենք համոզված էինք, որ մեր զավակներն ապրելու են ազատ, անկախ Հայաստանում: Եվ այսօր դուք այդ անկախության սերունդն եք, դուք այդ երեխաներն եք, որ հասակ եք առել, ավելի առնականացել եք, դարձել եք կանացի, եւ ես վստահ եմ, որ դուք աչքի լույսի պես եք պահելու եւ պահպանելու մեր անկախությունը: Վստահ եմ, որ դուք ժառանգելով այդ անկախությունը, կարողանալու եք այն փոխանցել հաջորդ սերունդներին: Եվ որպեսզի դա կարողանաք անել ավելի լավ, քան մենք ձեռք բերեցինք ու հանձնում ենք ձեզ, խնդրում եմ միշտ հիշել, որ անկախությունը միայն երջանկություն չէ, անկախությունը միայն իրավունք չէ, անկախությունը նաեւ պարտականություն է եւ պատասխանատվություն: Եթե հանկարծ Հայաստանում սկսեց ձեւավորվել այն միտումը, որ անկախությունը լավ բան է, բայց արի ես մի կերպ ճողոպրեմ բանակից, չպաշտպանեմ մեր սահմանը, եթե Հայաստանում սկսեց ձեւավորվել այն միտումը, որ անկախությունը շատ լավ բան է, եւ թող ուրիշները մեզ ձրի գազ տան, էժան գազ տան, իսկ մենք լինենք անկախ, եթե հանկարծ Հայաստանում սկսեց ձեւավորվել այն միտումը, որ չնայած նրան, որ ամբողջ աշխարհում կան տնտեսական խնդիրներ, բայց մենք հայ ենք, Հայաստանի քաղաքացի ենք՝ Հայաստանում այդ խնդիրները չպետք է լինեն, ապա հավատացեք, որ մեր անկախությունը, մեր ազատությունը վտանգվելու է: Նորից եմ կրկնում՝ անկախությունը գին ունի, եւ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է այդ գինը վճարել: Եթե մենք ժամանակին կարողանանք տանել դժվարությունները, եթե մենք կարողանանք պաշտպանել ինքներս մեզ՝ մեզ հետ ոչինչ չի պատահի, վստահ եղեք:

Աշխարհի ամենից լավ բանը երիտասարդ լինելն է: Վայելե՛ք այս բնությունը, վայելե՛ք միմյանց ջերմությունը, մարտկոցի պես կուտակեք էներգիա, որպեսզի կարողանաք գնալ եւ լավ գործեր կատարել: Հաջողություն եմ մաղթում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հանդիպման ավարտին հանրապետության ղեկավարը բազեականների ճամբարում դիտել է հավաքի առիթով կազմակերպված գալա համերգը:

 

 

Տպել
Ամենաշատ