News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վանաձորում ջրամատակարարման  համակարգի արդիականացման հետեւանքով առաջացած խնդիրներն այնքան են խորացել, որ քաղաքի ավագանին այդ հարցով այսօր` օգոստոսի 24-ին, արտահերթ նիստ է հրավիրել եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված հայտարարություն–ուղերձ ընդունել։

Ուղերձում ավագանին նշում է, որ KFW բանկի տրամադրած 19 մլն եվրո վարկային միջոցներով Վանաձորում «Լոռի-ջրմուղկոյուղու» կողմից իրականացվող ջրամատակարարման արդիականացման աշխատանքները դժգոհություններ են առաջացնում բնակչության շրջանում։

«Նոր համակարգում վթարները չեն նվազել,  վթարների վերացման աշխատանքները ժամանակին ու որակով չեն իրականացվում, վթարների վերացման արդյունքում ճանապարհները չեն բարեկարգվում, ինչպես նաև ջրագծերը փոխարինելուց հետո ճանապարհների վերանորոգման աշխատանքները հիմնականում իրականացվել են անորակ»,– ասվում է ուղերձի տեքստում։

Այն փողոցներում որտեղ փոխվում են խողովակները, պատուհաս են դառնում քարուքանդ ճանապարհները, քանի որ ճանապարհների ասֆալտապատումը կամ չի արվում, կամ արվում է վատ որակով` վնասելով երթեւեկող մեքենաները։

Նիստին ներկա`«Լոռիջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տեխնիկական գծով տնօրեն Արթուր Ենոքյանի պատասխանը, թե այդ աշխատանքներն իրականացնում է «Դարոժնիկ» ՍՊԸ-ն, և իրենց ընկերությունը պարտավորություն չի կրում կատարված աշխատանքների որակի համար, բարկացրեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին։

«Իհարկե, դա «Ջրմուղի» կողմից չի կատարվում, բայց վերահսկողությունը և պատասխանատվությունը արդեն ձերն է։ Մենք շինարարության  թույլտվությունը ձեզ ենք տվել, ձեզնից էլ որակյալ ճանապարհներով որակյալ ջրամատակարարում ենք պահանջում: Հիմա դուք թե խորհրդատուից պետք է պահանջեք, թե KFW բանկից, թե Կառավարությունից, դա արդեն ձեր խնդիրն է»,- նշեց քաղաքապետը:

Տպել
Ամենաշատ