News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի եռակի մրցանակակիր, վանաձորցի 11-ամյա Էրիկ Մելիքյանը, որն այսօր` օգոստոսի 27–ին, նախագահի նստավայրում մասնակցում էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, ցանկություն չունի նախագահական նստավայրում հայտնվել նախագահի կարգավիճակում: Նախագահական դեռ կվերադառնա, սակայն միայն ոսկե մեդալի հետեւից:

NEWS.am-ի հետ զրույցում Էրիկը պատմեց, որ 3-րդ անգամ է մասնակցում մրցույթին. 1-ին անգամ Լոռու մարզի մասշտաբով լավագույն արդյունք է ցուցաբերել, 2-րդ եւ 3րդ անգամ բացարձակ հաղթող է ճանաչվել:

Էրիկը պատմեց, որ մրցույթի այս արդյունքները հեշտ չեն տրվել իրեն, մրցանակները քրտնաջան աշխատանքի արդյունք են:

Մեդալակրի խոսքով` առարկայից փայլուն ունակությունները ժառանգել է ծնողներից, իսկ դրանք զարգացնում է դպրոցում ստացած գիտելիքներով եւ կրկնուսույցի մոտ չի հաճախում:

Էրիկի ծնողները մասնագիտությամբ բժիշկ են` հայրը վիրաբույժ է, իսկ մայրը` ատամնաբույժ: 24-ամյա քույրը նույնպես բժշկի մասնագիտությունն է ընտրել, սակայն ինքը բժիշկ դառնալ չի ցանկանում, փոփոխություն է ուզում:

«Ես ուզում եմ, որպեսզի տարբերություն լինի: Ես ուրիշ առարկաներ եմ նախնտրում, ուրիշ հետաքրքրություններ ունեմ եւ ֆիզիկայի, մաթեմատիկայի գծով եմ շարունակելու ուսումս»,- ասում է Էրիկը:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել էր 2014-2015 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաեւ դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2015թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի եւ մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում  եւ հայոց լեզվի «Մեղու» մրցույթում հաղթող աշակերտներին: Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ նրանք ստացան իրենց պարգեւները՝ մեդալները, հավաստագրերը եւ Հանրապետության նախագահի կողմից նվերներ:

Տպել
Ամենաշատ