News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանցի 51-ամյա Հրաչյա Հարությունյանն արդեն վաղուց չի զարմանում անծանոթների արձագանքից, երբ իմանում են իր մասնագիտության մասին: Դիահերձող Հրաչյան գիտի` իրեն սովորական մարդու պես չեն վերաբերվում:

«Լինում են իհարկե մարդիկ, որ արտահայտվում են, ասում են՝ ո՞նց ես կարում էդ գործն անես: Բայց հիմնականում, երբ անծանոթներն իմանում են, չեն արտահայտվում, չնայած դրա կարիքը չկա, իրենց հայացքն ամեն ինչ ասում է: Ամեն դեպքում, մենք էլ ուրախ, ուտող-խմող, սովորական մարդիկ ենք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Հրաչյան:

26 տարվա ընթացքում սովորել է սրտին մոտ չընդունել զարմացած, մի քիչ վախեցած հայացքները, բայց այդպես էլ չի համակերպվել նրա հետ, որ մարդիկ չեն հասկանում իր գործի բարդությունը. «Մեր ժողովուրդն այս գործն ընդունում է որպես երկրորդական, ղասաբի գործ: Ասում են՝ ինչ եք անում, որ. դանակը վեկալում, կտրում, մորթում, թափում, ղասաբություն եք անում, էսքան էլ փող եք վերցնում: Էն կարծիքը կա, որ եթե դիահերձող ա, 200 գրամ արաղը քաշում ա գլխին, գալիս ա գործի: Բայց էս գործը խմած չես անի, պիտի սթափ լինես»:

Այս վերաբերմունքի պատճառը կարծրատիպն է, թե դիահերձող կարող է դառնալ յուրաքանչյուրը, ասում է Հրաչյան.

«Մարդիկ կան՝ հենց ղասաբի նման են գործ անում, լավ անողի գործի արժեքն էլ գցում են: Դա նրանից ա, որ հատուկ կրթություն չեն ստանում: Ինստիտուտ չկա, դիահերձողներից մեկը շոֆեր ա եղել, մյուսը` պահակ, մյուսը` չգիտեմ ինչ»:

Հրաչյան ինքն էլ մինչեւ հերձող դառնալը վարորդ է եղել` հենց դիահերձարանում։ Ու հենց իր փորձից գիտի` ամեն մեկը չի կարող դիահերձող լինել։ Գիտի` հոգեբանական ինչ արգելքներ պիտի հաղթահարես դանակը ձեռքդ վերցնելուց առաջ։

 «1989թ. էր, աշխատանք չկար, դա էլ բարձր վարձատրվող գործ էր: Ասեցի՝ փորձեմ, տեսնեմ` կարող եմ, թե ոչ, ու հասկացա, որ կարող եմ: Հոգեպես ծանր էր, բայց այն աստիճանի չէ, որ հոգեկանս խանգարվեր: 2-րդ, 3-րդ անգամ գործն անելուց հետո զգացողությունը փոխվեց, հոգեպես ավելի ամուր դարձա, ու հետզհետե սկսեցի դրան որպես աշխատանքի նայել: Հասկացա, որ պիտի սառը նայես, առողջ դատես, որ հոգեկանդ չխանգարվի: Մեռելը հո չի՞ հելնելու, քեզ ուտի»,- ասում է նա:

Այնուամենայնիվ, ոչ սառը դատելը, ոչ մեծ կամքի ուժը Հրաչյային չեն կարող ստիպել դիահերձման սրահ մտնել, երբ սեղանին իր հարազատը, ընկերը, կամ ծանոթն է. «Չեմ մոտենում էն մարդկանց, ում հետ շփվել եմ: Ոչ մի ձեւ չի ստացվում էդ պրոցեսն իրենց հետ անել»:

Հրաչյային տարիների փորձը, ինչպես ինքն է ասում, առանց դիպլոմի բժիշկ է դարձրել: Մարդու անատոմիան գիտի տասը մատի պես, առանց վարանելու բժշկական կրթություն ստացող ուսանողի հետ բանավեճի մեջ է մտնում ու գրեթե միշտ հաղթող դուրս գալիս: Ուսանողներին նա հանդիպում է հենց դիահերձարանում, որտեղ նրանք որպես պրակտիկանտ են գալիս: Իր գործին առնչվող` նրանց հարցերին սովորաբար դժկամությամբ է պատասխանում. չի ուզում, որ նրանցից որեւէ մեկի մտքով անցնի ապագայում դառնալ դիահերձող։

Գայանե Ալեքսանյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ