News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Եթե դուք փոխարինեք կենդանու մորը, հորը, նրա համար սնունդ հայթայթեք եւ պաշտպանեք վտանգից, կես տարին էլ բավական է, որպեսզի ձեր միջեւ իսկական ընկերություն ծնվի…»:

Ջերալդ Դարրել, «Կենդանաբանական այգի իմ բեռնախցում»

Երեւանի թաղամասերից մեկի սովորական բարձրահարկերից մեկի սովորական բնակարաններից մեկում, բնակիչներից բացի, փոքրիկ կենդանաբանական այգի է տեղավորվել: Սեփականատերը սիրողական կենդաբանաբան Էդիկն է, ով NEWS.am-ի թղթակցին ծանոթացրեց իր կենդանիներին, պատմեց նրանց պահելու դժվարությունների ու շփման հաճույքի մասին (ֆոտոռեպորտաժ):

Էդիկի ընտանիքի՝ մոր, հոր եւ կնոջ՝ Սիրանուշի հետ միասին, բնակարանում 2 բու, 2 իգուանա, 5 մողես, 2 նորկալեդոնիական գեկոն, 1 վիետնամական գեկոն, 9 քամելեոն, ավստրալական գորտ, 4 ավստրալական մորուքավոր ագամաներ, մողեսների բազմաթիվ այլ տեսակներ, 2 թութակ, վիետնամական ջունգլիներից սեւ կայսերական կարիճ, Լարիտանական Ամերիկայից սարդեր, մադագասկարյան խավարասերներ, կուբայական թռչող խավարասերներ, կատու եւ մուկ են բնակվում: Վերջինին Էդիկը տուն է բերել՝ բվերին կերակրելու համար, բայց կարեկցել է ու պահել: Ի դեպ, կատուն միակն է, ով չցանկացավ լուսանկարվելու համար կեցվածք ընդունել:

Էդիկը կենդանաբանության հետ անմիջական որեւէ կապ չունի: «Սա դեռեւս դպրոցական տարիներից սկիզբ առած հետաքրքրություն է: Մանկությունից տանը կենդանիներ եմ պահել»,- պարզաբանեց նա: Ընտանիքի անդամներն ըմբռնումով են մոտենում: «Եթե չհաշվենք, որ երբեմն ցանկանում են խեղդել ինձ, բայց՝ ոչ կենդանիներին»,- կատակում է Էդիկը:

Խոհանոցում բնակվում է ձեռնասուն Փարավոն քամելեոնը: «Սա հատուկ Ֆարիկի համար է»,- Էդիկի մայրը ցույց է տալիս պատի երկայնքով անցկացրած ճոպանը, որի վրայով ճամփորդում է քամելեոնը: Հյուրասիրությունից՝ խավարասերի տեսքով, Փարավոնը հրաժարվեց, ուշադրությունը կենտրոնացնելով անկոչ հյուրերի ուղղությամբ:

«Իրականում այսքան կենդանի պահելը դժվար է եւ ծախսատար, նաեւ շատ ժամանակ է պահանջում»,- ասում է Էդիկը: Օրական միայն սննդի համար մի քանի հազար դրամ է անհրաժեշտ: Դժվար է նաեւ աքսեսուարներ գնելը, հատկապես՝ ուլտրամանուշակագույն լամպեր, որոնք ձմռանը կենսական անհրաժեշտություն են մողեսների համար:

«Այդ պատճառով ցանկանում ենք կրճատել կենդանիների թիվը»,- նշում է Էդիկը: Ագամաներն ու քամելեոններն Էդիկի սիրելիներն են. նրանցից բաժանվել չի պատրաստվում:

Սողունների մեծ մասին Էդիկը ձեռք բերել Հայաստանից հեռացած մեկի անձնական հավաքածուից: Հայաստանում ընդամենը մի քանի այդպիսի հավաքածու կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ