News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի գեղեցկության սրահները սեպտեմբերի 1-ին՝ ուսումնական տարվան ընդառաջ աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով: Հաճախորդները ոչ միայն ուսանողներ են, այլեւ մեծ թվով դպրոցականներ։ NEWS.am-ի հետ զրույցում դիմահարդար Նազենին պատմեց, որ նախորդ տարվա համեմատ իր տարիքով ավելի փոքր հաճախորդների թիվն աճել է՝ դիմահարդարման համար դիմում են երեխաներ` սկսած 11 տարեկանից:

 «Նախորդ տարվա համեմատ շատ բան է փոխվել, դիմահարդարման համար շատ են դիմել եւ գրանցվել 11-ից 15 տարեկան ավագ դպրոցի աշակերտներ: Հոնքերի ձեւավորման համար դիմում են 5-րդ դասարանից սկսած»,- պատմեց մայրաքաղաքի կենտրոնում գործող գեղեցկության սրահներից մեկում աշխատող դիմահարդարը:

Դիմահարդարը սեպտեմբերի 1–ից մի քանի օր առաջ արդեն ազատ ժամանակ չուներ, վերջին օրերին աշխատում է արտակարգ ռեժիմով. ««Սեպտեմբերի 1–ին եւ 2-ին աշխատելու եմ առավոտյան ժամը 6-ից սկսած, աղջիկները գիշերը չեն քնում, գալիս հասնում են այստեղ դիմահարդարման եւ  վարսահարդարման համար, սրահի բոլոր սենյակներով պտտվում են: Հիմնականում թեթեւ դիմահարդարում են նախընտրում»:

28-ամյա դիմահարդարը, այնուամենայնիվ, խորհուրդ չի տալիս դեմքը հարդարել մինչեւ քսան տարեկանը, քանի որ քսուքները, շրթներկը միշտ չէ, որ գեղեցկացնում են:

«Որ քերեք, կտեսնեք, թե ինչքան են քսվում, սովորական շուրթերի մատիտը իրենք 10 օրում են օգտագործում, երիտասարդների դեմքից ուղղակի շպար ա հոսում՝ հոնքերը պարսկական ոճի ներկում են, շուրթերը արհեստական գծում, մեծացնոմ: Չես կարող հասկանալ, թե քանի տարեկան են: Ես միշտ փորձում են բնական թեթեւ դիմահարդարում անել»,- պատմեց դիմահարդարը:

Նազենիի խոսքով՝ ինքը դիմահարդարում է 3000-ից մինչեւ 20.000 դրամի սահմանում.«Աշակերտներին հիմնակում բնական դիմահարդարում եմ անում 3000-5000 դրամով, իսկ տոնական, երեկոյան դիմահարդարում 10.000-20.000 եւ ավելի, կախված է նրանից, թե ինչ են ուզում»:

Դիմահարդար Նազենիի խոսքով, չնայած սեպտեմբերի 1–ին ընդառաջ ինքն ազատ ժամանակ այլեւս չունի, միեւնույն է, զգում է, որ գեղեցկության սրահ դիմողների թիվը պակասել է. «Չե՞ք տեսնում` քաղաքը դատարկվել է, ով էլ կա, գումար չունի»:

Մայրաքաղաքի գեղեցկության սրահներում NEWS.am-ը հարցումները ցույց տվեցին, որ  սեպտեմբերի 1-ի համար աշակերտներն ու ուսանողները հիմնականում նախընտրում են մազերն ուղիղ հարդարել, ոմանք էլ գեղեցկության սրահ են տանում իրենց սիրելի հոլիվուդյան աստղերի լուսանկարները եւ խնդրում նման ձեւով հարդարել իրենց մազերը:

«Հիմնականում Քարդաշյանների, Սիրուշոյի ու Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարներն են բերում, ու պահանջում նրանց  սանրվածքից անել` հաշվի չառնելով իրենց արտաքին տվյալները»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ծայրամասում գործող գեղեցկության սրահի տնօրենը:

Տպել
Ամենաշատ