News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

18-ամյա Մարիամը սեպտեմբերի 1-ին ընդառաջ կանգնել է երկընտրանքի առջեւ` գնա՞լ Երևան` համալսարան, թե մնալ հայրենի գյուղում: Պատճառն ուսման վարձավճարն է, որը կազմում է տարեկան 340.000 դրամ:

«Մտածում եմ՝ գնամ, վարձը չեմ կարողանալու տալ ու դուրս եմ մնալու, ավելի լավ է չգնամ… Բայց ախր ուզում եմ սովորել»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հայաստանի ագրարային համալսարանի Ագրոէկոլոգիայի բաժին ընդունված Մարիամը:

Մարիամի ընտանիքը բազմանդամ է: Վեց երեխաների հայրը երկրորդ կարգի հաշմանդամ է. առողջական վիճակն ու գյուղում աշխատատեղերի բացակայությունը վաստակելու հնարավորություն չեն տալիս: Մայրը ևս չի աշխատում: Բազմանդամ ընտանիքի եկամտի միակ աղբյուրը հոր մոտ 30.000 դրամ կազմող թոշակն է:

«Հայրս ժամանակին բարձրագույն կրթություն է ստացել: Հիմա շատ է ուզում, որ ես էլ բարձրագույն կրթություն ստանամ: Եթե գոնե մի փոքր հնարավորություն ունենայինք…»,- ասում է Մարիամը։

Աղջիկը աջակցության խնդրանքով դիմել է  մի շարք կառույցների, այդ թվում` Լոռու մարզպետարան: Առայժմ, սակայն միայն մերժումներ է ստանում:

«Մարզպետարանից  պատասխանել են, որ չեն կարող ֆինանսապես աջակցել, որովհետև մարզային բյուջեն նման հնարավորություններ չունի»,- ասում է Մարիամը:

Մինչև սեպտեմբերի 15-ը Մարիամը պետք է վճարի առաջին կիսամյակի վարձը՝ 170.000 դրամ, այլապես կզրկվի ուսումը շարունակելու հնարավորությունից:

«Եթե բարի մարդիկ գտնվեն, ովքեր կօգնեն ինձ այս կիսամյակի վարձը վճարելու հարցում, ուսումնական տարվա սկզբից ուսմանս զուգահեռ ես նաև կաշխատեմ ու հետագայում ինքս կհոգամ իմ ուսման ծախսը»,- ասում է Մարիամը:

Գայանե Սարգսյան

Տպել
Ամենաշատ