News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 27-ին նախագահի նստավայրում հյուրընկալված` բարձր առաջադիմությամբ աչքի ընկած դպրոցականների մեջ ուշադրությունս գրավեց կոստյումով, երկարամազ մի երիտասարդ։

Մոտեցա։ Ձեռքին տուփ էր։ Հարցրի՝ ի՞նչ է, առանց ավելորդ հպարտության ասաց՝ մեդալ։

Հարցրի՝ ինչի՞ համար ես ստացել, ժպտաց՝ թոթվելով ուսերը` փաստորեն, դպրոցում լավ եմ սովորել։

Ասաց` ինչպես բոլոր հայերը ցանկանում եմ դառնալ կառավարիչ, կամ կիթառահար։

Գյումրեցի էր, «Ֆոտոն» վարժարանի շրջանավարտ, որը դպրոցում եւ ավարտական քննություններին գերազանց արդյունքներ ցուցաբերելու համար սեպտեմբերից 50 տոկոս զեղչով կսովորի Հայաստանի ֆրանսիական համալսարանի «Կառավարման» բաժնում։

18-ամյա Խաչատուրը հանուն մայրիկի «կողքից» կսովորի, որովհետեւ մանկուց դաստիարակվել է, որ առանց կրթության իր տեղն այս կյանքում չի գտնի։ Համալսարանում էլ, ինչպես դպրոցում, գերազանցությամբ կսովորի. վարձ մուծել չի ցանկանում։

Ու լավ կսովորի, բայց իր տարերքը երաժշտությունն է։

Արդեն մեկ տարի է՝ Գյումրիում չորս ընկերների հետ ռոք խումբ է հիմնադրել The Pillows Family անվանումով։

Ինչպես ուսման, այնպես էլ երաժշտության հանդեպ սերը նրա մեջ մայրն է սերմանել։ Փոքր տարիքում հաճախել է Գյումրիի «Գոհար» երաժշտանոցի կիթառի բաժին։ Համարում է, որ այնտեղ ստացած կրթությունն էլ է բավարար երաժշտությամբ զբաղվելու համար։

Մանկուց սիրել է The Beatles, Eric Clapton, Pink Floyd, որոնց ստեղծագործությունները մինչեւ վերջերս իրենց խմբով համերգների ժամանակ կատարում էին։

«Ռոքի հանդեպ սերը հասունացել է մի քանի տարի առաջ, բայց մայրս փոքրուց միշտ տարբեր երաժիշտների ստեղծագործություններ է միացրել, հետո մեծացել, հասկացել եմ, որ փոքր տարիքում դրանք լսել էի: Մայրս հիմա լսում է այն, ինչ ես եմ լսում, որովհետեւ բարձր եմ միացնում։ Հիմա ավելի շատ Pink Floyd եմ լսում, առաջ էլ էի լսում, բայց այս կերպ խորը չէի ընկալում: Առաջ ավելի շատ բլյուզ էի լսում, հիմա ավելի շատ պրոգրեսիվ ռոք եմ լսում»,-ասում է Խաչատուրը։

The Pillows Family-ն այժմ հիմանականում հեղինակային երգեր է կատարում, մեկ տարվա ընթացքում հասցրել է 15 երգ գրել։ Երգերը գրում են խմբի բոլոր անդամներով, կամ անդամներից մեկն է գրում, հետո բոլորով մշակում են։

Առաջ քավըրներ շատ էին անում, կատարում էին The Beatles-ի, Oasis-ի, Eric Clapton-ի Neil Young-ի ստեղծագործությունները։ Այժմ հիմնականում համերգներին իրենց հեղինակած երգերն են կատարում։ 

Խաչատուրը պատմում է, որ իրենց երգերը բացառապես անգլերեն լեզվով են, ու կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կարող Ռուբեն Հախվերդյանի երգերի նման տեքստեր գրել։ Կարծում է՝ ավելի լավ է անորակ երգեր չգրեն։

Խաչատուրի կարծիքով` ռոքը Հայաստանում ցանկալի բարձրության վրա չէ։ Սեպտեմբերից կապրի Երեւանում, ինչը, ըստ նրա, ռոք երաժշտությամբ զբաղվելու հիանալի հնարավորություն է, քանի որ Գյումրիում ռոք լսողները քիչ են։

 «Երեւանում ավելի շատ են հնարավորությունները, քան Գյումրիում։ Գյումրիում ռոք լսող մասսան շատ չէ, չնայած Երեւանում էլ շատ չէ,  բայց համեմատաբար այստեղ հնարավորությունները մի փոքր ավելի շատ են։ Ռոքը Հայաստանում իմ ցանկացած մակարդակում չէ, բայց կփորձենք մենք էլ մեր լուման ունենալ այդ մակարդակը բարձրացնելու գործում»,- ասում է Խաչատուրը։

Խաչատուրն, այնուամենայնիվ, ունի սիրած հայկական ռոք խմբեր։ Հավանում է The Bambir, Dorians, Revolution, The Beautified Project խմբերի երգերը։

Խաչատուրը ինչպես դպրոցում, այնպես էլ ռոքում է գերազանցիկ։ Կոտրում է ռոք երաժիշտների մասին կարծրացած կարծիքը։ Ոգելից խմիչք չի օգտագործում, չի ծխում, թմրադեղեր չի օգտագործում, կարծում է` դրանք պարտադիր չեն լավ ռոք երաժիշտ դառնալու համար։

«Առաջ մտածում էի, որ առանց դրանց չի լինի, բայց դասատուներիցս մեկը մի օր լավ բան ասաց, որ բոլոր երաժիշտները սկսում են այդ ամեն ինչը օգտագործել, երբ իրենց ստեղծագործական կյանքը սկսում է դեպի անդունդը գնալ։ Ես գտնում եմ, որ մերը ընդհանրապես անդունդի եզրին չէ, դրա կարիքը չկա։ Իրականում մենք նոր ենք ձեւավորվում, մեր ծաղկման շրջանն է»,- ասում է երիտասարդը:

Մարիա Գեւորգյան

Տպել
Ամենաշատ