News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում երեկ՝ օգոստոսի 31-ին, մահացած սփյուռքահայ գործարար,  բարերար Վահագն Հովնանյանի հուղարկավորության օրը հայտնի կլինի որդու վերադարձից հետո միայն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Hovnanyan International ընկերությունից:

Նրանք հայտնեցին, որ դեռեւս հայտնի չէ, թե որտեղ է հուղարկավորվելու բարերարը:

Վահագն Հովնանյանը ծնվել է 1932թ. փետրվարի 16-ին Իրաքում:

1959թ. հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969թ.՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ Գործունեության ծավալների աճելուն պես, ընկերությունը ճյուղավորվեց եւ ստեղծվեցին մի քանի դուստր ընկերություններ՝ «V.S. Hovnanian Group», «Adelfia Water Company», «Adelfia Sewer Company», «Hovnanian Realty», «Clear Title Agency» եւ «Grandview Cable»։ 1985 թվականին Հովնանյանը որդու՝ Շանթի հետ նախաձեռնեցին հաճախականության լայն ընդգրկումով հեռահաղորդակցության ընկերություն, հիմնելով «Cellular Vision» կորպորացիան, որը հետագայում վերանվանվեց «SpeedUS» կորպորացիայի։

«Հովնանյան Ինթերնեյշնլ» (1998 թվականից) եւ «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահն է:

Վահագն Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաեւ Հայաստանում տուրիզմի զարգացմանը։ Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ 1976 թվականին Նյու Միլֆորդ քաղաքում (Նյու Ջերսի նահանգ) հիմնել է հայկական դպրոց, նպաստել է ԱՄՆ-ի հյուսիս-արլեւելյան հայ համայնքի կրթական, կրոնական եւ մշակութային խնդիրների լուծմանը։

2000 թվականին ՀՀ-ում հիմնել են Սայաթ-Նովայի անվան, 2002 թվականին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։ 2001 թվականի մայիսին ստեղծել է Հայկական տուրիզմի զարգացման գործակալությունը (ՀՏԶԳ)։

Ռիջֆիլդ քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ։

1998 թվականին Երեւանում կառուցել է Վահագնի թաղամասը:

Տպել
Ամենաշատ