Թուրքիայի ԵՄ հարցերով նորանշանակ քուրդ նախարար Ալի Հայդար Քոնջան հայտարարել է, թե շատ պարզ է, որ 1915-ին հայերի հանդեպ կոտորած է եղել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կողմից նախարար դարձած Ալի Հայդար Քոնջան պատասխանել է Հայոց ցեղասպանության հետ կապված լրագրողներից մեկի հարցին, թե նախարարն ինչ վերաբերմունք է ցույց տալու, երբ Եվրոպայի խորհրդարանում օրակարգում հայտնվի Հայոց ցեղասպանության հարցը։
«Տարբերություն չկա, որ դու ասում եք «այսպես ասած» ցեղասպանություն, շատ պարզ եւ հստակ է, որ հայերի հանդեպ կոտորած է տեղի ունեցել։ Դա բոլորն էլ ընդունում են։ Հիմնականում պետք է կենտրոնանալ, թե այն ինչպես սահմանել։ Դա էլ մեր կուսակցության հետ կքննարկենք ու մեր դիրքորոշումը կհստակեցնենք»,-ասել է ԵՄ հարցերով նախարար Ալի Հայդար Քոնջան։
Նշենք, որ HDP-ն Թուրքիայի խորհրդարանի միակ կուսակցություն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայի կառավարությանը կոչ արել առերսվել սեփական պատմության հետ։