News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի դպրոցական ծրագիրը Եվրոպայի ամենադժվար ծրագրերից է, այն վերանայման կարիք ունի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրը եւ նոր ուսումնական տարվա մեկնարկին լրագրողներին ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով Երեւանի 2-րդ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհու հարցին` ինչու են դասագրքերը գերծանրաբեռնված:

«Մենք դասավանդման մեթոդները պետք է փոխենք: Դասագրքերը վերանայվելում են, 1-ից 12-րդ դասարանների ամբողջ ուսումնական ծրագիրը վերանայվելու է, որովհետեւ մենք ունենք Եվրոպայի ամենածանր, ամենադժվար դպրոցական ծրագրերից մեկը: Ամեն մի մասնագետ մտածել ա, որ էդ երկու ժամվա մեջ ամեն ինչ գրի, տենց գրել ա: Դասագրքերը գերծանրաբեռնված են, խցկված: Շատ հաճախ դասագրքերը` հատկապես ավագ դպրոցում, չեն տարբերվում 1-ին կուրսի կոնսպեկտներից»,-ասաց նախարարը:

Աշոտյանը նշեց, որ հայ գիտնականները եւ ակադեմիկոսները լավ դասագրքեր գրել չեն կարողանում: 

«Հիմա բերանս եք բացել տալիս, մեր գիտնականներից շատերը չեն կարում գրել դասագիրք: Նրանք շատ լավ գիտնականներ են, շատ լավ մենագրություններ են գրում, հրաշալի հոդվածներ կարող են գրել, գյուտեր կարող են անել, բայց դասագիրք հեղինակելն ուրիշ բան է: Կարող ես լինել Նոբելյան մրցանակակիր, բայց դասագիրք գրել չկարողանալ, եւ հակառակը: Հիմա պետք է հասկանալ, որ դա փոխելու ժամանակն է, պետք է ուշադրություն չդարձնել դասագրքերի հեղինակների վրա, մտածենք` օ՜, սա այս ակադեմիկոսն է` ո՞նց պետք ա ասենք, որ լավ չես գրել, ո՞նց ասենք, որ փոխի, չպետք է նայենք իրականում, 1-ինը` ես»,- ասաց Աշոտյանը` ավելացնելով, որ փոքր երկրում ենք ապրում,  ակադեմիկոսներն ու դասագրքերի հեղինակներն այնքան  հեղինակավոր են, որ իր նման երիտասարդ նախարարը միշտ չի կարողանում հավուր-պատշաճի կռիվ տալ նրանց հետ:

Աշոտյանի կարծիքով` անհրաժեշտ է միջազգային դասագրքերը թարգմանել եւ տեղայնացնել Հայաստանում: Նախարարը նման մի քանի փորձ արել է, սակայն, իր խոսքով, ձախողվել է: 

«Մի երեք փորձ արեցի, տեսնեիք` ինձ ինչ էին անում որոշ հայ  գիտնականներ, ասում էին, որ ես մորթում եմ հայ գիտական միտքը, որ ես օտարամոլ եմ եւ տենց ստից բաներ, ինչ ա` դրսից բերել ենք շատ լավ դասագրքեր, որոնք իրականում իրենց կենսունակությունն ապացուցել են մի 20 երկրներում: Եթե կա դրա լավը, ինչու՞ հորինենք նոր հեծանիվ: Ես դրա կարիքը չեմ տեսնում, թող մեր սիրելի գիտնականներն էլ թասիբի ընկնեն լավ իմաստով»,- ասաց նախարարը:

Տպել
Ամենաշատ