News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւան Ծարավ Աղբյուրի 55/17 եւ 55/20 հասցեներում կառուցվող շենքերի շահառուները բց նամակով դիմել են ՀՀ նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորման» հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին:

Մենք՝ ք. Երեւան Ծարավ Աղբյուրի 55/17 եւ 55/20 հասցեներում կառուցվող շենքերի շահառուներս, ծանոթացել ենք «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացմանը,  համաձայն որի վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով վճարված) եկամտային հարկը հետ է վերադարձվում Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռք բերման նպատակով վարձու աշխատողի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ստացված եւ փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:

Չափազանց ողջունում եւ գնահատում ենք նման օրենքի ընդունումը: Սակայն, միեւնույն ժամանակ, կարծում ենք, որ դրա կարեւորությունը հատկապես արդի է երիտասարդ ընտանիքների համար:

Մենք բոլորս գիտակցում եւ ընդունում ենք այն փաստը, որ հիպոթեքային վարկի մի մասը մենք ստացել ենք նախքան 2014թ.-ի նոյեմբերի 1-ը (ավելի կոնկրետ վարկային պայմանագրերի կնքումը սկսել է  2014թ.-ի փետրվար ամսից սկսած): Սակայն  խնդրում ենք հաշվի առնել նաեւ այն հանգամանքը որ մինչ օրս մենք նույնիսկ  ամբողջովին չենք ստացել վարկի գումարը: Վարկավորման վերջին փուլը բանկը կատարելու է բնակարանները շահառուներիս հանձնելիս, այն է՝ ըստ շինարարական կազմակերպության տվյալների՝ 2015թ.-ի վերջում կամ 2016թ.-ի սկզբին:

Քանի որ տվյալ ծրագիրը իրականացվում է Ձեր բարձր հովանու ներքո եւ կրում է սոցիալական բնույթ, իսկ տոկոսի վճարումը նորաստեղծ ընտանիքի համար ծանր ֆինանսական բեռ է՝ հաշվի առնելով նաեւ օրեցօր գրանցվող թանկացումները, hայցում ենք  Ձեր միջնորդությունը առ այն, որ վերոնշյալ օրենքի դրույթները բացառության կարգով տարածվեն նաեւ ք. Երեւան, Ծարավ Աղբյուրի 55/17 եւ 55/20 հասցեներում կառուցվող շենքերի շահառուների վրա:

Հավատացնում ենք, որ այս հարցում Ձեր աջակցությունը բազմաթիվ երիտասարդ ընտանիքների համար չափազանց կարեւոր է եւ մեծագույնս կնպաստի ամրապնդվելու մեր մայր հայրենիքում»,- ասվում է նամակում: 

Տպել
Ամենաշատ