News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի Գեւորգ Արաբյանի անվան հայկական նոր դպրոցում առաջին անգամ նշել են ուսումնական տարվա սկիզբը՝ սեպտեմբերի 1-ը: Դպրոցի տարածքը զարդարել են կապույտ, ճերմակ, կարմիր եւ նարնջագույն փուչիկներով՝ Ֆրանսիայի եւ Հայաստանի դրոշների գույներով: Այս մասին գրում է ֆրանսիական «Le Parisien»-ը:

«Մենք հարյուր տոկոսով ֆրանսիացիներ ենք, բայց չափազանց կարեւոր է Հայաստանի հետ կապը պահելը: Մենք ցանկանում ենք պահպանել պատմական եւ մշակութային ժառանգությունը»,- ասել է Բրիսը՝ հայի որդի, ով արարողությանը մասնակցել է իր 3 երեխաների հետ: «Ինձ դուր է գալիս հայերեն ուսանելը»,- ասել է նրա 12-ամյա դուստրը՝ Լիզան: Իսկ նրա կրտսեր եղբայր Վենսանը «փոքր-ինչ դժվարանում է լեզուն սովորելու հարցում», ժպիտով ասում է նրանց մայրը՝ Սելինը, ով ամբողջությամբ ընդունել է ամուսնու մշակույթը: Նա գովաբանում է «ընտանեկան արժեքները», որոնք փոխանցում է այդ մշակույթը:

Իսկ Կարինեն Ֆրանսիա է փոխադրվել 2007 թվականին, նրա դուստր Արմինեն ծնվել է Ֆրանսիայում: «Մեր ընտանիքն այստեղ է ապրում, եւ մենք ցանկանում ենք, որպեսզի մեր դուստրը կրթություն ստանա ֆրանսիական համակարգով, բայց նաեւ ծանոթանա հայկական մշակույթին»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի վարչապետեր Հովիկ Աբրահամյանն ու Մանուել Վալսն Ալֆորվիլի հայկական դպրոցը բացեցին 2015 թվականի հուլիսի 4-ին:

Նշենք, որ նախագծի գլխավոր բարերարը 84-ամյա ձեռներեց Գեւորգ Արաբյանն է որը Լիբանանից Ֆրանսիա է փոխադրվել 1987 թվականին: Մի անգամ նա հայտարարել է, որ դժվար է փող վաստակել, բայց ավելի դժվար է դրանք արդար ծախսել: «Ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռեցին դպրոց ստեղծել, քանի որ այս բոլոր երեխաները Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ են եւ կարող են ուսումնասիրել իրենց նախնիների լեզուն: Դա չափազանց կարեւոր է, քանի որ ապացուցում է, որ մեր ժողովուրդն ապրում է»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ