News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեւանի Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցումի առեւտրականներին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, քաղաքապետարանի ներկայացուցիչները ստիպում են առեւտուրն իրականացնել միայն իրենց տաղավարների ներսում՝ պատճառաբանելով, թե նրանց առեւտուրը տաղավարի սահմաններից դուրս ապօրինի է:

NEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ այս պահին մի քանի հարյուր տաղավար փակ է, առեւտրականները պատրաստվում են գնալ թաղապետարան՝ խնդիրը պարզելու:

Առեւտրականները հրաժարվում են աշխատել՝ պատճառաբանելով, որ իրենց տաղավարները չափազանց փոքր են առեւտուրը ներսում իրականացնելու համար:

NEWS.am-ի հետ զրույցում առեւտրականներից Ամալյա Հակոբյանը նշեց, որ արդեն երկու օր է՝ քաղաքապետարանի ներկայացուցիչները խոչընդոտում են իրենց առեւտուրը:

«Իմ տաղավարում հազիվ եմ կարողանում տեղավորել ապրանքիս մի մասը: Մենք գիտենք, թե ինչ են ուզում քաղաքապետարանը եւ իշխանությունները: Ուզում են, որ այս տաղավարները փակվեն, ժողովուրդը առեւտուր անի միայն դալմաներից եւ մոլերից, որովհետեւ դրանք իրենց սեփականությունն են: Մեզ զրկում են մի կտոր հացի փող աշխատելու հնարավորությունից»,-վրդովված ասաց առեւտրական կինը:

Առեւտրականները քիչ առաջ գնացին Շենգավիթի թաղապետարան, որտեղ միայն քաշքշուկից հետո համաձայնվեցին թույլ տալ մտնել ներս: Այս պահին հանդիպում է ընթանում:

Նշենք, որ առեւտրականները տաղավարները վարձակալում են՝ նվազագույնը 80 000-ից մինչեւ 300 000 դրամ վարձավճարով:

Տպել
Ամենաշատ