News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սահմանադրության փոփոխությունների նախագծի ուսումնասիրման արդյունքում Օմբուդսմենը մարդու իրավունքներին անմիջապես առնչվող մի շարք գլուխների վերաբերյալ կազմել է եզրակացություն, որտեղ ոչ սպառիչ ներկայացված են նախագծում առկա դրական եւ բացասական փոփոխությունները: Օմբուդսմենի եզրակացությունը համապատասխան մասնագիտական հիմնավորումներով ներկայացվել է նաեւ ՀՀ Կառավարություն:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի 2-րդ («Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատություններ») եւ 3-րդ («Սոցիալական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները եւ պետության քաղաքականության հիմնական նպատակները») գլուխների վերաբերյալ դիտարկումները:

ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

-Անձն իրավունք կունենա պահանջել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից իրենց անօրինական գործողություններով կամ անգործությամբ հասցված վնասի հատուցում (Նախագծի հոդված 60): Նման սահմանադրական երաշխիքը նախ կնպաստի պետական մարմինների աշխատակիցների հաշվետվողականության բարձրացնմանը, ինչպես նաեւ մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը:

-Հանցանքի կատարման համար պատիժ կրած անձն իրավունք կունենա ստանալ փոխհատուցում, եթե ապացուցվի, որ վերջինիս գործի մեջ թույլ է տրվել դատական սխալ, իսկ այդ փաստը ժամանակին չբացահայտելը լիովին կամ մասամբ կախված չի եղել տվյալ անձից (Նախագծի հոդված 69): Սա անձի իրավունքների ոտնահարման դեպքում փոխհատուցում ստանալու կարեւոր երաշխիք է, ինչն անհրաժեշտ է խախտված իրավունքները վերականգնելու համար:

- Մեղադրյալը կկարողանա պահանջել, որ իր վկաները ենթարկվեն հարցաքննության միեւնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները (Նախագծի հոդված 66): Նշված դրույթը կարեւոր երաշխիք է քրեադատավարական գործընթացքում եւ թույլ է տալիս պաշտպանվել ու ապացուցել անձի անմեղությունը, ինչը համահունչ է միջազգային չափանիշներին:

- Փոփոխության արդյունքում սահմանադրորեն կամրագրվի, որ վարչական մարմինները պետք է քաղաքացիների գործերը   քննեն անաչառորեն, ողջամիտ ժամկետում, որի շրջանակներում անձն իրավունք կունենա ծանոթանալու իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին: Ավելին, սահմանադրությամբ կամրագրվի, որ այդ  մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են հիմնավորել իրենց ընդունած ակտերը, ինչպես նաեւ մինչեւ անձի համար միջամտող որոշումն ընդունելը թույլ տալ վերջինիս արտահայտելու իր կարծիքն ու դիրքորոշումը հարցի կապակցութամբ (Նախագծի հոդված 49):

-Յուրաքանչյուր ոք սահմանադրորեն իրավունք ձեռք կբերի ծանոթանալ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեությանը, այդ թվում` տեղեկատվություն ստանալ  եւ ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին, իհարկե, եթե դա չի հակասում հանրային շահերին (Նախագծի հոդված 50): Նշվածը կարեւոր երաշխիք կհանդիսանա թափանցիկ կառավարման եւ ժողովրդավարության ամրապնդման համար:

-Սահմանադրորեն կամրագրվի, որ սահմանափակումներ նախատեսող օրենքները լինեն որոշակի, այսինքն՝ կանխատեսելի, պարզ շարադրված, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա կանխատեսել իր գործողությունների հետեւանքները (Նախագծի հոդված 79):

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, բացի ՀՀ քաղաքացիներից, օտարերկրացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կկարողանան ընտրել եւ ընտրվել, ինչպես նաեւ մասնակցել տեղական հանրաքվեներին մի շարք պայմանների բավարարման դեպքում (Նախագծի հոդված 47):  Կարեւոր է նման ժողովրդավար սկզբունքի  ամրագրումը հենց Սահմանադրությամբ:

-Կընդլայնվի ընտրելու եւ ընտրվելու իրավունքը, ինչը թույլ կտա ավելի շատ թվով անձանց մասնակցել պետության կառավարմանն ու որոշումներ կայացնելուն: Մասնավորապես, ի տարբերություն գործող Սահմանադրության, կվերացվի ազատազրկված  եւ պատիժը կրող քաղաքացիների համար ընտրելու եւ ընտրվելու, հանրաքվեներին մասնակցելու իրավունքի բացարձակ արգելքը: Արդյունքում, նշված արգելքը կտարածվի միայն անգործունակ, ինչպես նաեւ, դիտավորությամբ կատարված ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց վրա (Նախագծի հոդված 47):

-Նախագծում առաջարկվում է երեխայի վերաբերյալ որոշումները կայացնելիս հաշվի առնել նրա կարծիքը` ելնելով վերջինիս տարիքից եւ հասունության աստիճանից: Առաջարկի ընդունման դեպքում ավելի կամրապնդվեն երեխայի՝ լավագույն շահերից բխող որոշումների կայացումն ու խրախուսումը, ինչը նաեւ  համահունչ է միջազգային չափանիշներին:

-Առանց ծնողների խնամքի մնացած երեխաների՝ պետությունից աջակցություն ստանալու իրավունքը, ինչպես նաեւ երեխայի` իր ծնողների հետ անմիջական շփվելու եւ կապ պահպանելու իրավունքը  կամրագրվի Սահմանադրությամբ (Նախագծի հոդված 36):

- Երեխայի ծննդյան կամ  որդեգրման դեպքերում երեխայի աշխատող եւ՛ հայրը, եւ՛ մայրը  կունենան արձակուրդի իրավունք: Այսինքն, տվյալ արձակուրդից հավասարապես կկարողանան օգտվել երկու ծնողներն էլ, ինչը համահունչ է միջազգային չափանիշներին եւ կնպաստի կանանց եւ տղամարդկանց միջեւ երեխայի դաստիարակության եւ խնամքի հարցում հավասարության ամրապնդմանը (Նախագծի հոդված 55):

-Կարգելվի մարդու մարմինը, դրա մասերը շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը (Նախագծի հոդված 24): Նշված դրույթը կպաշտպանի անձին անօրինական ֆիզիկական եւ բժշկական միջամտությունից եւ, բացի այդ, կհամապատասխանի միջազգային ստանդարներին:

-Անձի իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված դրույթների մեկնաբանման ժամանակ հաշվի կառնվի Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան (Նախագծի հոդված 81): Սա կնպաստի, որ ՀՀ-ում մարդու իրավունքների զարգացման ու առավել արդյունավետ պաշտպանության համար պետությունը, բացի կոնվենցիաներում գրված նորմերից, կառաջնորդվի նաեւ այլ  նորմերով, որոնք պարբերաբար զարգանում ու կատարելագործվում են միջազգային կառույցների կողմից:

-Հանրային ծառայողների  անաչառ եւ քաղաքականապես չեզոք լինելու եւ ժողովրդին ծառայելու սկզբունքները կամրագրվեն Սահմանադրությամբ (Նախագծի հոդված 48), ինչը կնպաստի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների գործունեության արդյունավետության ու անկողմնակալության բարձրացմանը:

Դատավորներին, դատախազներին եւ քննիչներին չի թույլատրվի անդամակցել որեւէ կուսակցությանը (Նախագծի հոդված 45), ինչը կարեւոր սահմանադրական երաշխիք կդառնա վերջիններիս մասնագիտական պարտականությունների կատարարման ժամանակ անկախությունն ու անաչառությունն ապահովելու համար:

-Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարողանա միջամտել անձի կարծիքի ձեւավորմանը, այսինքն` անձը կկարողանա ցանկացած միջոցով ազատ տեղեկատվություն փնտրել (Նախագծի հոդված 41): Նշված փոփոխությունը կարեւոր երաշխիք է տեղեկատվության ազատության, ինչպես նաեւ լրագրողների գործունեության պաշտպանության ոլորտում:

-Փոփոխության արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կկարողնան դիմել ոչ միայն  պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց, այլեւ այլ կազմակերպությունների կողմից անձանց իրավունքների խախտման դեպքում (Նախագծի հոդված 51): Սա նշանակում է, որ, ի տարբերություն գործող Սահմանադրության, Պաշտպանը կկարողանա պաշտպանել քաղաքացիներին նաեւ հանրային ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններից, որոնք որեւէ կերպ կոտնահարեն անձանց իրավունքները:

- Նախագծով առաջարկվում է ամրագրել կանանց եւ տղամարդկանց  հավասար իրավունքներ ունենալու դրույթը (Նախագծի հոդված 28), որը կլինի  իրավահավասարության սահմանադրական երաշխիք եւ կարեւոր տեսլական հասարակության զարգացման, կանանց դերի բարձրացման համար:

- Կուսակցություններն իրենց գործունեության թափանցիկության ապահովման նպատակով պարտավոր կլինեն յուրաքանչյուր տարի հրապարակել իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի եւ գույքի մասին որոշակի տեղեկություններ, իսկ եթե կուսակցությունը քարոզի սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն կիրառի սահմանադրական կարգը տապալելու նպատակով, ապա Սահմանադրական դատարանը կկարողանա արգելել կամ կասեցնել տվյալ կուսակցության գործունեությունը (Նախագծի հոդված 45):

ՄՏԱՀՈԳԻՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

-Նախագծում ուղղակիորեն չի ներառվել գործող Սահմանադրության 16-րդ հոդվածով նախատեսված խուզարկության օրինականությունն ու հիմնավորվածությունը վերադաս դատական ատյանում բողոքարկելու իրավունքը, ինչպես նաեւ այն դրույթը, ըստ որի՝ մարդուն չի կարելի խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Նշվածից հստակ չէ, թե արդյոք անձնական ազատության, ինչպես նաեւ ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը սահմանող Նախագծի այլ հոդվածները լրացնում են այս բացը եւ ապահովում են սահմանադրական երաշխիքներ անհիմն խուզարկությունից պաշտպանվելու համար:

- Չնայած նրան, որ Նախագծով սահմանվում է, որ նվազագույն աշխատավարձն ամրագրվում է օրենքով, այնուամենայնիվ, ուղղակիորեն սահմանված չէ յուրաքանչյուր անձի՝ նվազագույնից ոչ ցածր աշխատավարձ ստանալու իրավունքը: Հաշվի առնելով անձանց համար նման երաշխիքի կարեւորությունը՝ առաջարկում ենք Նախագծում հստակորեն սահմանել նվազագույնից ոչ ցածր աշխատավարձ ստանալու իրավունքը` դրանով սահմանելով լրացուցիչ սահմանադրական երաշխիք աշխատանքային հարաբերությունների ոլորտում (Նախագծի հոդված 84):

- Յուրաքանչյուր կարիքավոր անձի արժանապատիվ գոյության իրավունքը ամրագրող դրույթում «գոյություն» բառն ավելի նպատակահարմար է փոխարինել «կենսամակարդակ» բառով: Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու է անձի նվազագույն կարիքները բավարարելու իրավունքը սահմանվելու օրենքով, այլ ոչ թե, որպես հիմնարար իրավունք, երաշխավորվելու Սահմանադրությամբ (Նախագծի հոդված 84):

-Նախագծում հստակ ամրագրված չէ գործող Սահմանադրության 18-րդ հոդվածի այն ձեւակերպումը, որ յուրաքանչյուր անձ ունի իր իրավունքների եւ ազատությունների՝ պետական մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, ինչը մարդու իրավունքների դատական պաշտպանության այլընտրանքային եղանակ է: Չնայած Նախագծով սահմանվում է պատշաճ վարչարարության իրավունքը, սակայն պարզ չէ, թե արդյոք այն լիովին ապահովում է անձի՝ պետական մարմնի առջեւ պաշտպանության իրավունքը (Նախագծի հոդված 49):

-Նախատեսվում է, որ անձի իրավունքի սահմանափակման դեպքում պետության կողմից սահմանափակման համար ընտրված միջոցը եւ նպատակը պետք է համաչափ լինեն այդ սահմանափակվող իրավունքի նշանակությանը (Նախագծի հոդված 78): Այս դրույթի ձեւակերպումը հստակ չէ եւ կարծես ենթադրում է, որ որոշակի դասակարգում պետք է լինի հիմնական իրավունքների մեջ` կախված իրենց նշանակությունից: Այս մոտեցումն ընդունելի չէ մարդու իրավունքների հավասարության եւ փոխկապակցվածության տեսանկյունից:

-Փոփոխության արդյունքում ցանկացած մարդ կկարողանա ծանոթանալ այն բոլոր տեղեկություններին, որոնք իր մասին հավաքագրվել են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում (Նախագծի հոդված 33): Սակայն, այդ իրավունքը չպետք է սահմանափակվի միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բազաներով, քանի որ բնակչությանը հանրային ծառայություններ մատուցող մի շարք մասնավոր ընկերություններ, օրինակ` բջջային կապի ծառայություններ մատուցող, նույնպես անձի վերաբերյալ տվյալներ են հավաքում:

-Սահմանադրության նախագծից դուրս են մնացել ընտանիքի պաշտպանությունը, մայրության եւ մանկության հովանավորումը, գիտության եւ մշակույթի զարգացման նպաստումը, ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականության իրականացումը, տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը՝ որպես պետության հիմնական նպատակներ, որոնք չափազանց կարեւոր են սոցիալական պետությունում (Նախագծի հոդված 86):

-Ըստ Նախագծի՝ ընտրելու եւ ընտրվելու, ինչպես նաեւ հանրաքվեին մասնակցելու իրավունք չեն ունենա դատական ակտով անգործունակ ճանաչված, ինչպես նա

• Ըստ Նախագծի՝ ընտրելու եւ ընտրվելու, ինչպես նաեւ հանրաքվեին մասնակցելու իրավունք չեն ունենա դատական ակտով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված ծանր հանցագործությունների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք: Սակայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների համաձայն` կալանավորներին ընտրելու իրավունքից բացարձակ զրկումը, անկախ նրանց հանցանքի բնույթից կամ ծանրությունից, խախտում է նրանց իրավունքները: Այսինքն, ընտրվելու իրավունքից նման ընդհանուր եւ ամբողջական զրկումը ազատ ընտրությունների սահմանափակում է, եւ, հետեւաբար, նշյալ սահմանափակումները նախատեսելիս պետք է առաջնորդվել համաչափության սկզբունքով (Նախագծի 47-րդ հոդված):

-Նախագծում ամրագրված է, որ ցանկացած անձ, ով օրինակական հիմքով գտնվում է ՀՀ տարածքում, իրավունք ունի դուրս գալու ՀՀ-ից (Նախագծի հոդված 39): Սակայն, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ցանկացած, ներառյալ իր սեփական երկրից մեկնելու իրավունք, այսինքն` երկրից մեկնելու համար սահմանված չէ այնտեղ օրինական գտնվելու պահանջ:

-Նախագծով երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան երեխային վերաբերող հարցերում (Նախագծի հոդված 36): Սակայն միջազգային չափանիշներով երեխաների նկատմամբ բոլոր գործողությունները ձեռնարկելիս առաջնահերթ ուշադրություն է դարձվում «երեխայի լավագույն շահերին»: Նշվածը տարբերվում է «երեխայի շահ» եզրույթից, որով լիարժեքորեն չի արտացոլվում երեխայի համար բացառապես լավագույն լուծում հանդիսացող որոշումների կայացման սկզբունքը:

-Ազգային եւ էթնիկական ինքնության իրավունքի պաշտպանության, ինչպես նաեւ իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի եւ մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքը առաջարկվում է կարգավորել օրենքով (Նախագծի հոդված 54): Նման ձեւակերպումից պարզ  չէ, թե արդյոք այս իրավունքի պաշտպանությունը պետք է անձանց նախաձեռնությամբ իրականացվի, թե պետությունն ինքը պարտավոր է ակտիվ քայլեր ձենարկել այս իրավունքներն ապահովելու համար:

Շուտով կներկայացվի նախագծի 7-րդ գլխի վերաբերյալ («Դատարանները եւ բարձրագույն դատական խորհուրդը») Օմբուդսմենի եզրակացությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ