Տավուշի մարզում հակառակորդի գնդակից սեպտեմբերի 2-ին երեկոյան վիրավորված՝ Կոթի գյուղի երկու բնակիչների վիճակը կայուն է, նրանք տեղափոխվել են Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ: Այս մասին NEWS.am-ին ասաց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:
Նա հայտնեց, որ վիրավորներն են ցանկացել տեղափոխվել Երեւան:
«Երեւանում հարազատներ ունեն, իրենք են խնդրել, որ հոսպիտալ տեղափոխվեն, որպեսզի հարազատները կարողանան գնալ եւ խնամել նրանց»,- ասաց գյուղապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վիրավորված քաղաքացիները մայր ու որդի են, վնասվածքը ստացել են տանը, սեպտեմբերի 2-ին ժամը 21:00-ի սահմաններում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը պարբերաբար գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: