News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

35-ամյա Զեմֆիրա Հովսեփյանը 4 երեխաների հետ վարձով բնակվում է Էջմիածնի ծայրամասային թաղամասերից մեկում: Երեխաներից երեքը սովորում են 8-րդ, 5-րդ և 2-րդ դասարաններում, 5-ամյա Պավելը հաճախում է մանակապարտեզ:

Ամուսինը մահացել է, Զեմֆիրան մենակ է մեծացնում 4 երեխաներին։ Չորս մասնագիտության տեր կինը մեկ տարուց ավելի է, աշխատանք է փնտրում, սակայն չի կարողանում գտնել:

«Դիմել եմ նաև Էջմիածնի քաղաքապետարան, սակայն չեն կարողանում օգնել, աշխատանք առաջարկել, աշխատանք չկա»,- ասում է նա:

Ստիպված են լինում յոլա գնալ նպաստով ու թոշակով, որը սակայն չի բավականացնում։

Ուսումնական տարին նոր է սկսվել, սակայն Զեմֆիրան արդեն տարակուսանքի մեջ է. չգիտի, թե ինչպես է կարողանալու վճարել մանկապարտեզի վարձավճարն ու երեխաների դասագրքերի, գրենական պիտույքների համար:

Այս տարվանից 7-ամյա Տիգրանը կհաճախի նաև երաժշտական դպրոց՝ ջութակի բաժին: Բաժնի ընտրությունը տղան է կատարել, սակայն մայրը չգիտի, թե ինչպես է գնելու ջութակն ու վճարելու ուսման վարձը:

«Ինձ ասում են` ո՞նց ես երաժշտական տվել, բա էդքան ծախսերը: Ասում եմ՝ սոված կմնամ, բայց ախր իմ երեխեքը տաղանդավոր են, թող գնան: Իմ տղան հինգ տարեկանից պատարագ է երգում, ո՞նց արգելեմ…»,- ասում է մայրը:

Այս տարիների ընթացքում  Զեմֆիրան մի քանի աշխատանք է փոխել:

«Որոշ ժամանակ աշխատել եմ որպես խոհարար, հետո ոտքս ու ձեռքս կոտրեցի, չէի կարողանում  աշխատել: Որոշ ժամանակ երգել եմ հոգևոր երգչախմբում: Առաջին մասնագիտությամբ էլ դերասանուհի եմ, Երևանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտն եմ ավարտել»,- պատմում է կինն ու խոսում դեռ ուսանողական տարիներից հոգու խորքում փայփայած երազանքի մասին,- Իմ երազանքը ոչ թե բեմ բարձրանալն էր, այլ սեփական մանկական թատերական ստուդիա ստեղծելը»:

Այս երազանքը, սակայն, ոչ մի կերպ չի կարողացել իրականություն դարձնել:

«Ծրագիրը գրված, դրված է: Եթե գտնվի արվեստասեր, բայց նաև հարուստ մարդ, ես պատրաստ եմ նույնիսկ այդ ծրագիրը նվիրել, միայն թե երազանքս իրականություն դառնա: Բայց այսօր ոչ մի արվեստագետ հարուստ չի….»:

Հիմա Զեմֆիրան ձեռագործությամբ է զբաղվում։ Չնայած բազմաթիվ հոգսերին, չորս երեխաների մայրն այժմ մտածում է ձեռք բերել 5-րդ՝ կոսմետոլոգի մասնագիտությունը: Հույս ունի, որ գոնե այս մասնագիտությունը ձեռք բերելուց հետ կկարողանա աշխատանք գտնել ու օրվա հացը վաստակել:

«Ցանկացած ընտանիքում աշխատում են երկու ծնողները, որ հասցնեն: Բայց մեր ընտանիքում ես համ պապան եմ, համ մաման: Ես հիվանդացա՝ երեխեքս սովի են մատնվում… Ու ես հիմա  շա՜տ-շա՜տ ունեմ մարդկանց օգնության կարիքը»,- ասում է բազմազավակ մայրը:

Գայանե Սարգսյան

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ