News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում վարչապետ Աբրահամյանը հանդիպել է Չինաստանի Պետական խորհրդի անդամ, փոխվարչապետ Վան Յունի հետ:

Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Սիանի եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու հրավերի համար:«Ուրախությամբ ընդունեցի այս հրավերը՝ ելնելով Մետաքսի մեծ ճանապարհի վերաստեղծման նախագծերին մասնակցելու Հայաստանի լուրջ հետաքրքրությունից», - ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքով՝ Չինաստանը Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է եւ հայ-չինական հարաբերություններն ունեն պատմական խորը արմատներ՝ հասնելով ընդհուպ մինչեւ Մետաքսի մեծ Ճանապարհի գոյության ժամանակները:

«Ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ակտիվորեն զարգանում է, ինչի մասին են վկայում մարտին Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան եւ նրա բանակցությունները Նախագահ Սի Ծինփինի հետ, ինչպես նաեւ երկու օր առաջ իմ եւ Չինաստանի վարչապետ Լի Քեցյանի հանդիպումը: Անկասկած, այս մակարդակի հանդիպումները նոր թափ են հաղորդում մեր երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների խորացմանը»,- նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Չինաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների հիման վրա կառավարությունն ակտիվ աշխատում է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ:

Պարոն Աբրահամյանը կարեւորել է Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու չինական կողմի նախաձեռնությունը, ինչը կարեւոր նշանակություն կունենա տարածաշրջանի տնտեսական զարգացման համար:

Չինաստանի պետական խորհրդի անդամ, փոխվարչապետ Վան Յունը բարձր է գնահատել վարչապետ Աբրահամյանի մասնակցությունը համաժողովին եւ նշել, որ Չինաստանը կարեւոր է համարում եւ շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել ու ընդլայնել համագործակցությունը տարբեր ուղղություններով: Վան Յունը նշել է, որ չինական կողմը պատրաստ է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Նրա խոսքով՝ վերջին տարիների բարձր մակարդակի քաղաքական շփումները նպաստում են երկու երկրների հարաբերությունների խորացմանը եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական բնագավառներում: Չինաստանի փոխվարչապետը գոհունակությամբ փաստել է, որ զգալի ավելացել է երկկողմ ապրանքաշրջանառությունը եւ նույնպես համոզմունք է հայտնել, որ Մետաքսի մեծ ճանապարհի տնտեսական գոտու զարգացումն էապես կնպաստի եվրասիական տարածաշրջանի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս, կարեւորել են համագործակցությունը միջազգային կառույցներում:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան վերադարձել է Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ