News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում սեպտեմբերի 19-ին  տեղադրված` հայ գրերի ստեղծող և մատենագրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի կիսանդրու հեղինակ, ֆրանսաբնակ Արեստակես Նևչեհերլյանը Մեսրոպ Մաշտոցի արտաքին կերպարը ստեղծել է իր մեկնաբանությամբ։ NEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով քանդակի վերաբերյալ քննադատությանը, քանդակագործը նշեց, որ փորձել է գտնել Մեսրոպ Մաշտոցի արտաքին նկարագրության մասին տեղեկություններ, սակայն չի կարողացել։

«Մեսրոպ Մաշտոցի արտաքին նկարագրության մասին ինֆորմացիա փորձել ենք գտնել նաև Մատենադարանում, սակայն արխիվներում որևիցե տեղեկություն չհաջողվեց գտնել, ոչ էլ նկարներ։ Տեղեկություններ չկարողացա գտնել նաև ինտերնետում, Մեսրոպ Մաշտոցի տարբեր նկարներ ու արձաններ կան, որոնք տարբեր մեկնաբանությամբ են ստեղծված և նման չեն իրար։ Նրա աշակերտ Կորյունը նույնպես նրա արտաքին նկարագրի մասին ոչինչ չի գրել»,-ասաց քանդակագործը։

Արեստակես Նևչեհերլյանի խոսքով՝ դասագրքերի վրա պատկերված Մեսրոպ Մաշտոցի նկարը և Մատենադարանի դիմաց տեղադրված արձանը նույնպես տարբեր են։

«Ես շատ կուզենայի ստեղծել Մեսրոպ Մաշտոցի կատարյալ կիսանդրի, բայց, ցավոք, չկարողացա գտնել նրա արտաքինի վերաբերյալ հստակ ինֆորմացիա։ Այդ պատճառով էլ որոշեցի նրա կիսանդրին քանդակել իմ պատկերացմամբ»,-ասաց Արեստակես Նևչեհերլյանը։

Քանդակագործը տեղեկացրեց, որ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի Եվրոպայի հրապարակի հարեւանությամբ գտնվող զբոսայգում Մեսրոպ Մաշտոցի կիսանդրին տեղադրվել է քաղաքապետի հանձնարարականով։ Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել է Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բարձրաստիճան այրեր։

Արեստակես Նևչեհերլյանը ծնվել է 1957թ. Երևանում։ Ֆրանսիա է տեղափոխվել 1969թ.։ Նա ճանաչված և պահանջված քանդակագործ է Ֆրանսիայում, արժանացել է մի քանի մրցանակների։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ