News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Վանաձորցի, ծնունդով Ղարսից 105–ամյա Ազգանուշ Հովհաննիսյանը երկարակեցության իր կանոններն ու գաղտնիքներն ունի. ամենօրյա աղոթք, առողջ սննդակարգ ու բնական թելից հագուստ:

«Տնական կաթ, մածուն, ձու եւ միս եմ ուտում»,- ասում է տատն ու երիտասարդներին էլ խորհուրդ տալիս հետեւել իր օրինակին։

Ինչ վերաբերում է հագուստին, ապա Ազգանուշ տատը ամբողջ կյանքում միայն բամբակյա հագուստ է կրել:

«Շորս մենակ բամբակ պիտի լինի, չեղավ, չեմ հագնի: Մնացածը ջանս ուտում են»,– ասում է 105–ամյա կինը:

Ազգանուշ տատը քաղաքային կյանքին էլ է դժվար հարմարվում, հիշում է գյուղում թողած տունն ու երազում վերադարձի մասին:

1960-ականներին է ընտանիքը տեղափոխվել Կիրովական`Ախուրյանի շրջանի Լեռնուտ գյուղում թողնելով կիսավեր սեփական տունը։

Ազգանուշ տատը տխրում է ամուսնու մասին խոսելիս։ Երեք երեխաներին 105–ամյա կինը ստիպված է եղել միայնակ մեծացրել:  Հայրենական մեծ պատերազմի տարիներին ամուսինը մեկնել է ռազմաճակատ ու այլեւս չի վերադարձել:

«41 թվի հենց առաջին հավաքին գնաց, երեխեքիս մենակ եմ պահել: Մեկը շուտ մահացավ, երկուսին մեծացրի»,- ասում է տատը:

 Չնայած պատերազմի, սովի ու խավարի տարիներին կրած դժվարություններին` 105-ամյա տատն իր ապրած կյանքից գոհ է: Հիմա նա ծերության օրերը վայելում է թոռների ու ծոռների շրջապատում: Ազգանուշ տատը 8 թոռ ու 19 ծոռ ունի: Թոռներն ու ծոռները մի քանի ամսից 106–ամյակը բոլորող Ազգանուշ տատի երջանկությունն են։

Տպել
Ամենաշատ