News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ընդդեմ կանանց դեմ բռնության» կոալիցիան այսօր՝ հոկտեմբերի 1-ին՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը, Երեւանի Հանրապետության հրապարակում ի հիշատակ ընտանեկան բռնության 60 զոհերի մոմավառություն անցկացրեց:

«Մոմավառությունը ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի էր: Նպատակն էր ընդգծել Հայաստանում ընտանեկան բռնության առկայությունը, հիշատակել այն կանանց, որոնք բռնության արդյուքնում կամ սպանվել, կամ ինքնասպանություն են գործել, կամ պարզապես ծեծի են ենթարկվել իրենց ամուսինների կողմից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հասարակություն առանց բռնության» ՀԿ անդամ Սոնա Հովակիմյանը:

Մոմավառությանը մասնակցել են ոչ միայն «Ընդդեմ կանանց դեմ բռնության» կոալիցիայի անդամները, այլեւ մեծ թվով մտահոգ քաղաքացիներ, որոնք մոմեր են վառել Հանրապետության հրապարակում դրված ընտանեկան բռնությունից տուժած կանանց լուսանկարների եւ իրերի մոտ:

Նշենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիան կազմակերպել էր բռնության  հետեւանքով մահացած 60 կանանց կոշիկների ցուցահանդես: Ինչպես նաեւ կոալիցիայի մոտ մեկ տասնյակ անդամներ բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության դիմաց՝ պահաջելով ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք:

Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը Հայաստանում հռչակվել է 2010թ.՝ ի հիշատակ ընտանեկան բռնության հետեւանքով մահացած Զարուհի Պետրոսյանի: Օրվա խորհուրդն է ընտանեկան բռնության կանխարգելումը, հանրային իրազեկվացության բաձրացումն ու ընտանիքների առողջացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ