News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԼՂ հիմնահարցի պարագայում համաձայնեցված ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, հետեւաբար, բոլոր միջազգային ջանքերը պետք է իրականացվեն նշված ձեւաչափի շրջանակներում եւ դրա մոտեցմանը համահունչ: Այս մասին հոկտեմբերի 1-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ԵԱՀԿ տրոյկայի՝ Շվեյցարիայի, Սերբիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հովանու ներքո կազմակերպած ԵԱՀԿ խաղաղապահ առաքելություններին նվիրված նախարարական հանդիպման ժամանակ, իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Խաղաղապահ առաքելությունների նկատմամբ Հայաստանի մոտեցումը կարելի է գնահատել ներկա եւ նախկին առաքելություններում մեր ներգրավվածության աշխարհագրությամբ՝ Աֆղանստան, Իրաք, Կոսովո, Լիբանան, Մալի: Ես կցանկանայի նաեւ նշել, որ 4 օրից Երեւանը կհյուրընկալի խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ միջազգային համաժողով, որին կմասնակցի նաեւ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների գծով Գլխավոր քարտուղարի օգնական Էդմոն Մյուլեն:

Խոսելով այստեղ` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ցանկանում եմ մեկ անգամ եւս ընդգծել ՄԱԿ-ի կենտրոնական դերը միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում, միեւնույն ժամանակ` վկայակոչել մեր ընդհանուր համոզմունքը, որ ԵԱՀԿ-ն իր տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման առաջնային դերակատարություն ունեցող կազմակերպություն է: Ահա այս լույսի ներքո է, որ մենք դիտարկում ենք ներկա քննարկումները՝ նվիրված ԵԱՀԿ խաղաղությանն ուղղված գործողություններին, որոնց հայեցակարգը դեռ պետք է հստակեցվի մեր Կազմակերպության շրջանակներում:

Մենք համոզված ենք, որ այն պետք է առաջնորդվի եւ հիմնված լինի խաղաղության եւ անվտանգության ապահովման վերաբերյալ ԵԱՀԿ կողմից ստանձնած պարտավորությունների վրա: Այս առումով ցանկանում եմ վկայակոչել Աստանայի գագաթաժողովում ընդունված կոչը` առավել ջանքեր ներդնելու ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները համաձայնեցված ձեւաչափերի շրջանակներում խաղաղ եւ բանակցային ճանապարհով լուծելու վերաբերյալ:

Ղարաբաղյան հիմնահարցի պարագայում համաձայնեցված ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Հետեւաբար, բոլոր միջազգային, ներառյալ` ԵԱՀԿ ջանքերը` ուղղված հակամարտության կարգավորմանը, պետք է իրականացվեն նշված ձեւաչափի շրջանակներում եւ դրա մոտեցմանը համահունչ:

Մինսկի խմբի համանախագահներին աջակցում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ղեկավարած թիմը, որը միակ մշտական ներկայությունն է հակամարտության գոտում եւ դիտարկում է հրադադարի ռեժիմի պահպանումը: Կասկածից վեր է, որ այս ներկայությունն ամրացնելը նշանակում է զորացնել Կազմակերպության կարողությունները` նպաստելու խաղաղությանը եւ ամրապնդելու հրադադարը շփման գծում եւ սահմաններին: Կազմակերպության առավել ներգրավվածությունը կարող է նպաստել երկար ժամանակ քննարկման սեղանին գտնվող միջազգային հանրության կողմից առաջարկված եւ նրա լիարժեք աջակցությունը վայելող հրադադարի ռեժիմի խախտումների եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, որը կհանդիսանա վստահության եւ անվտանգության ձեւավորման կարեւոր միջոց: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս սեպտեմբերի 28-ի իրենց հայտարարության մեջ եւս մեկ անգամ վերահաստատեցին այս կապակցությամբ իրենց առաջարկը:

Քաղաքական լուծումները պետք է որոշեն եւ ուղղորդեն խաղաղապահ գործողությունների ձեւաչափը եւ հնարավոր տեղակայումը: Բազմաթիվ առիթներով Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում` համանախագահ երկրների նախագահների մակարդակով, հայտարարվել է, որ անվտանգության միջազգային երաշխիքները՝ ներառյալ խաղաղապահ գործողությունները, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար տարրերից են: Դրա նպատակը՝ հակամարտության քաղաքական կարգավորման պարագայում զինված ուժերի բաժանումն է եւ խաղաղության պահպանումը: Ոչ մի այլ մանդատ կամ բաղադրիչ, ներառյալ` ոստիկանական գործունեություն, այս դեպքում նախատեսված չէ:

ԵԱՀԿ ընդհանուր տարածաշրջանի մարտահրավերները եւ հիմնախնդիրները, որոնք մենք փորձում ենք լուծել, կարող են էականորեն տարբեր լինել եւ դրանց համար չկան հակամարտությունների կարգավորման համընդհանուր դեղատոմսեր: Երկու օր առաջ այստեղ ՄԱԿ-ում տեղի ունեցած Առաջնորդների Խաղաղապահության հարցերով գագաթաժողովը ողջունեց ՄԱԿ-ի Խաղաղապահ գործողությունների Բարձր մակարդակի խորհրդի զեկույցը, որը զգուշացնում է՝ «շատ հաճախ մանդատները եւ առաքելությունները ստեղծվում են ձեւանմուշների հիման վրա`  ի հակառակ անհատականացվելու՝ որպես աջակցություն իրավիճակին հատուկ քաղաքական ռազմավարություններին: Յուրաքանրչյուր իրավիճակի վերաբերյալ մենք պետք է մշակենք անհատական մոտեցումներ՝ խուսափելու համաձայնեցված ձեւաչափերի շրջանակներում ընթացիկ գործընթացներին վնասելուց կամ միջամտելուց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ