News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից 6 ու կես տարվա ազատազրկման դատապարտված, Իջևան քաղաքի «Իջևանատուն» ռեստորանային համալիրի տնօրեն Անդրանիկ Խոջումյանի պաշտպանները վստահ են` իրենց պաշտպանյալի նկատմամբ փաստացի հաշվեհարդար է տեղի ունենում։

Նշենք, որ Խոջումյանը մեղավոր է ճանաչվել հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, թեեւ դատավարության ամբողջ ընթացքում պնդում էր, որ անմեղ է, եւ որ իր գործողություններն ուղղված են եղել բացառապես իրեն ու իր ունեցվածքը հարձակումից պաշտպանելուն:

NEWS.am–ի հետ զրույցում Խոջումյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ ըստ առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների` պարզվել է, որ 2014թ. ապրիլի 1–ի երեկոյան հայհոյանքներով զուգորդված տհաճ հեռախոսային խոսակցություն է տեղի ունեցել Անդրանիկ Խոջումյանի և Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, «Այո» մականունով Աշոտ Այդինյանի միջև, որը պարզելով, որ Խոջումյանը լինելու է «Իջևանատանը», սպառնալիքներով հայտնել է վերջինիս «տեսնելու» ցանկության մասին: Կեսգիշերին մոտ Գետահովիտ համայնքի մի խումբ բնակիչներ (գործի որոշ տվյալներով նաև Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը), առնվազն 5 ավտոմեքենաներով ժամանել են «Իջևանատուն» Խոջումյանի հետ հաշիվներ պարզելու: «Անկոչ հյուրերի» մուտքը ռեստորանային համալիրի տարածք կանխելու նպատակով Անդրանիկ Խոջումյանն իրեն օրինական կարգով պատկանող որսորդական հրացանից մի քանի կրակոց է արձակել օդ և գետնին: Կրակոցներ են հնչել նաև դիմացի կողմից, որոնցից մեկը դիպել է ռեստորանի դարպասի երկաթյա ձողին: Արդյունքում որևէ մարդ վնասվածք չի ստացել, իսկ «հաշիվ պարզողները» հեռացել են:

Լուսինե Սահակյանի խոսքով`Անդրանիկ Խոջումյանի դատապարտումն ու ազատազրկումը ակնհայտորեն չեն տեղավորվում իրավական շրջանակներում, ուստի պաշտպանը լուրջ կասկածներ ունի, որ քրեական հետապնդումն ի սկզբանե այլ նպատակներ է հետապնդել:

«Քրեական գործն ամբողջությամբ հեղեղված է Անդրանիկ Խոջումյանի անմեղությունը հաստատող փաստերով, որոնք տարօրինակ համառությամբ իբր չի նկատել դատախազությունը, ապա նաև Տավուշի մարզի դատարանը: Նախ ակնհայտ է, որ 2014թ. ապրիլի 1-ին կեսգիշերին կրակոցներ արձակելով`Խոջումյանը որևէ դիտավորություն չի ունեցել խախտելու հասարակական կարգը, կամ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հանրության նկատմամբ, նրա գործողությունների միակ նպատակը եղել է իր ղեկավարած համալիրի վրա հարձակումը, ինչպես նաև հնարավոր արյունահեղությունը կանխելը, ինչը, հաշվի առնելով նաև հարձակվողների կողմից հրազենի գործադրման հանգամանքը, Խոջումյանին հաջողվել է: Բացի այդ, կրակոցների պահին բնակավայրից հեռու գտնվող ռեստորանում արդեն որևէ հաճախորդ չի եղել, ուստի չի եղել այն հանրությունը, ում հանդեպ Խոջումյանն իբր անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել»,– ասաց պաշտպանը:  

Փաստաբանի խոսքով` խիստ հետաքրքրական է, որ չնայած ապացուցված է Աշոտ Այդինյանի կողմից ատրճանակից կրակոցներ արձակելու փաստը, քրեական գործին կցված է ՏՏ տեսակի ատրճանակից արձակված երկու պարկուճ, առկա է հրազենային վնասվածքի հետքը կրող երկաթյա ձողը, ակնհայտ է ուղղությունը, որտեղից արձակված է կրակոցը, սակայն դատախազությունը, իսկ հիմա նաև առաջին ատյանի դատարանը համառորեն շարունակում են հավատալ Աշոտ Այդինյանի պնդումներին, թե ինքը կրակել է գազային ատրճանակից, որը րոպեներ հետո պատահաբար կորցրել է:

«Իմ պրակտիկայում հանդիպած առաջին դեպքն է, երբ անձը կրակոցներ է արձակում գազային ատրճանակից, և ինչ-որ հրաշքով այդ կրակոցների հետևանքով առաջանում է պղինձ պարունակող գնդակից առաջացած հրազենային վնասվածք, մետաղյա ձողի վրա պարզապես անցք է առաջացել»,– տարակուսանք հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Փաստաբանի գնահատմամբ`Խոջումյանի նկատմամբ քրեական հետապնդման քողի տակ փաստացի հաշվեհարդար է տեղի ունենում, ինչի վերջնական ապացույցը եղավ այն պատժաչափը, որ առաջին ատյանի դատարանը սահմանեց նրա համար:

«ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասը, որով մեղադրվում էր Խոջումյանը, նախատեսում է առավելագույն պատիժ` ազատազրկում  7 տարի ժամկետով: Խոջումյանի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող որևէ հանգամանքի բացակայության դեպքում դատախազը միջնորդել է նրան դատապարտել հենց 7 տարվա ազատազրկման, իսկ դատարանը «մեծահոգաբար» դատապարտել է 6 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման, ինչը պարզապես զավեշտ է»,– ասաց Լուսինե Սահակյանը:  

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի գործի հետ զուգահեռներ անցկացնելով` փաստաբանը հավելեց. «ՀՀ գլխավոր դատախազի ու առաջին ատյանի դատարանի տեսակետից ի՞նչ պետք է աներ Խոջումյանը, որ նրա գործողություններն ինչպես հարկն է գնահատվեին օրինաչափ, անպայման պետք է կրակե՞ր մարդկանց ուղղությամբ, անպայման մա՞րդ պետք է սպաներ, որ չդատապարտվեր»:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի պաշտպանը Վերաքննիչ դատարանից, որը 2015թ. հոկտեմբերի 5-ին քննության է առնելու պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը, Լուսինե Սահակյանը պատասխանեց, որ ակնկալում է, որ Վերաքննիչ դատարանը իրավական հարթությունից դուրս գործընթացներից ու ճնշումներից դուրս կգտնվի և արդարադատություն կիրականացնի։ Նրա խոսքով` այդ ակնկալիքները պայմանավորված են բողոքը քննող դատական կազմով, որոնք առիթ ունեցել են ապացուցելու, որ ունակ են արդարադատություն իրականացնելու:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Մայիսի 10-ին՝ ժամը 00:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
ՀՀ դատախազը բավարարել է միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն մեջ մեղադրվողը հանձնվել է Գերմանիային
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը...
Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի հետքերով «Mercedes» ու «Lada» մեքենաներ
Մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում...
Սենեգալի օդանավակայանում Boeing 737-ը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել. կա 10 տուժած
TransAir ինքնաթիռը, որն իրականացնում էր Air Sénégal չվերթը, չորեքշաբթի ուշ երեկոյան 79 ուղևորներով...
Եռաբլուրի հարակից տարածքները հանցավոր սխեմայով օտարման գործը, որով անցնում է ՊՊԾ նախկին պաշտոնյան, ուղարկվել է դատարան
Պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի…
Շունը կծել է ՇՄ նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա
Մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում...
Ամենաշատ