News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

67-ամյա Սիրակ Հակոբյանին ներկայացնելիս կոլեգաներն առաջին հերթին նրա գլխի ու դեմքի սպիների, վնասված աչքի մասին են պատմում: Ավագ բուժակի վնասվածքների պատմությունը Նորքի հոգեբուժարանում բոլորին է հայտնի: Դրա մասին, այնուամենայնիվ, ավելի սառնասրտորեն հենց ինքը՝ 45 տարվա հոգեբույժ Հակոբյանն է խոսում (ֆոտոռեպորտաժ):

«10 տարի առաջ էր, բաժանմունքում դատական կարգով հարկադիր բուժման ուղարկված հիվանդ կար, որ տապոռով մարդ էր սպանել, ճնշում էր էստեղ հիվանդներից մեկին, գնացի, որ խոսեմ հետը, բացովի դանակ կար մոտը, դրանով մի քանի անգամ գլխիս խփեց, դեմքս քերծեց»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է բուժակը:

Հոգեբույժը ամենալուրջ վնասվածքը 4 տարի առաջ է ստացել: Հիվանդներից մեկին ներարկում անելիս 50 տոկոսով կորցրել է աչքերից մեկի տեսողությունը։

«Մոտեցա, տեսա, որ մի ձեռքը բաց էր, մյուսը փակ էր ու դանակ կար ձեռքում: Դանակը բռնեցի, բայց հենց էդ պահին հարված զգացի, խփեց աչքիս»,- պատմում է հոգեբույժը:

Սիրակ Հակոբյանը, այնուամենայնիվ, այդ դեպքերին հանգիստ է վերաբերվում ու դեռ մի բան էլ անհանգստանում է, որ դրանից մարդիկ կարող են իր հիվանդների մասին սխալ տպավորություն ստանալ:

«Ամեն անգամ հո նման բան չի լինի, երկու-երեք դեպք ա եղել, այն էլ պատահական: Կարող է` տրանսպորտում էլ նստած լինես, մեկին դուր չգաս, գա, քեզ խփի, ի՞նչ տարբերություն: Հիվանդներն ավելի խելոք են, քան դրսի ժողովուրդը: Դրսի ժողովրդին մի հատ կպնես, կտա բերանդ կջարդի»,- ասում է Սիրակ Հակոբյանը:

Հիվանդներից շատերը բժշկի ընկերներն են դարձել, ամենալավ ընկերը` 68-ամյա Հայկը, որը հոգեբուժարանում է արդեն 45 տարի։

 «Ամեն տարի Հայկի ծնունդը դրսում ենք նշում: Ես իրեն ճանաչում եմ դեռ այն ժամանակվանից, ինչ եկել եմ այստեղ աշխատանքի: Խրոնիկ հիվանդություն ունի ու գնալու տեղ չունի»,- ասում է հոգեբույժը:

Հայկը հոգեբուժարանի «ամենաարտոնյալ» ու ամենահին բնակիչն է դարձել Լյուդվիգի մահանալուց հետո:

«Լյուդվիգի ծնունդն էլ էինք Հայկի ծնունդի պես նշում: Հիմա էլ մահվան օրերն ենք նշում. միս ենք բերում, մի բաժակ խմում ենք, հիշում ենք մեր Լութոյին»,- ասում է Սիրակ Հակոբյանը:

Հոգեբուժարանի ամենաերիտասարդ բնակիչը 22 տարեկան է։ Ոմանք այստեղ մի քանի օր են մնում, մյուսները մի քանի ամիս կամ տարի, ոմանք էլ մինչեւ կյանքի վերջ։ Հիվանդների մեծ մասը 24-օրյա բուժման կուրսեր է ստանում, դուրս գրվում ու որպես կանոն որոշ ժամանակ անց վերադառնում:

Դանակի հարվածներն ու հիվանդների հետ ունեցած մանր-մունր վեճերը Սիրակ Հակոբյանին չեն կարող ստիպել հրաժարվել սիրելի գործից: Քաղաքի ծայրամասում գտնվող հոգեբուժարանի բնակիչները բժիշկ Հակոբյանի բացակայությունը ծանր կտանեն. ոմանք կկարոտեն շախմատի ու նարդիի իրենց խաղընկերոջը, ոմանք իրենց խորհրդատուին, ոմանք էլ պարզապես հոգատար բժշկին:

Գայանե Ալեքսանյան

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ