News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն՝ ուղղված Սիրիայում խաղաղությանը, ազգային համերաշխությանը եւ համընդհանուր կայունությանը: Այս մասին, Սիրիայում Հայաստանի դեսպանատան կողմից Դամասկոսի «Շամ Փալաս» հյուրանոցում Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ նշել է Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդունելությանը մասնակցել են Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահհամը, Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սուսանը, հայ-սիրիական խորհրդարանական բարեկամական խմբի անդամները, Ժողովրդական ժողովի տարբեր հանձնաժողովների նախագահներ, Սիրիայի կառավարության մի շարք ներկայացուցիչներ:

Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանն անդրադարձել է Հայաստանի անցած տարիների նվաճումներին, հայ-սիրիական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին եւ Սիրիայի արաբ ժողովրդի՝ Ցեղասպանությունից մազապուրծ հայերին օթեւանելու եւ ջարդերից փրկելու ջանքերին, ինչպես նաեւ Սիրիայի ներքաղաքական վիճակին։

Միջոցառման ընթացքում Փոլադյանը սիրիացի հայտնի հասարակական-մշակութային գործիչ, գրող Նաբիլ Տո'մեին է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Երախտագիտության» մեդալը՝ հայ-սիրիական մշակութային հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Նույն օրը առավոտյան Սուրբ Սարգիս եկեղեցում Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի նախագահությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ` Հայաստանի անկախության տարեդարձի կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ