News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը կոչ է անում դադարեցնել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը լսելով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի եւ փաստաբան Նազելի Վարդանյանի  բացատրությունները` Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ եւ ուսումնասիրելով ներկայացված նյութերը` քրեական գործի  հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու եւ քրեական գործ հարուցելու մասին 2013թ. դեկտեմբեր ամսվա որոշումը, քրեական գործով վարույթը կարճելու մասին 27.03.2015թ. որոշումը, որպես մեղադրյալ ներգրավելու մասին 01.09.2015թ. որոշումը, Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը` մեղադրանքը պարզաբանելու մասին, բողոքները` իրավունքի խախտումները վերացնելու մասին, պարզեց հետեւյալը.

Որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի 01.09.2015թ. որոշմամբ քննիչը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածով, այն բանի համար, որ նա, զբաղվելով փաստաբանական գործունեությամբ եւ հանդիսանալով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով ամբաստանյալ Գագիկ Գեղամյանի պաշտպանը, առանց նույն գործով տուժող Մարկոս Հովսեփյանի մոր` Տաթեւիկ Հովսեփյանի համաձայնության ապօրինի հավաքել եւ լրատվության միջոցով տարածել Է վերջինիս վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ, այն Է` ապօրինի ձեռք բերելով Տաթեւիկ Հովսեփյանի հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկություններ պարունակող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ուղարկված եւ որպես անձնական գաղտնիք դատարանի կողմից չհրապարակված 2013 թվականի օգոստոսի 13-ի թիվ 701 գրության պատճենը` 2013 թվականի սեպտեմբերի 18-ին «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի «իմ արյունը չի վաճառվում» հաղորդման նկարահանման ժամանակ հաղորդավարի, հաղորդմանը հրավիրված հյուրերի եւ հանդիսատեսի ներկայությամբ, առանց Տաթեւիկ Հովսեփյանի համաձայնության, տարածել Է նշված գրության բովանդակությունը` հրապարակելով, որ Տաթեւիկ Հովսեփյանը տառապում Է հոգեկան հիվանդությամբ եւ նրա ցուցմունքը չէր կարող իրավական ուժ ունենալ:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ինչպես դատավարական փաստաթղթերում, այնպես էլ հանձնաժողովի նիստին բացատրություն տալով հայտնեց, որ Տաթեւիկ Հովսեփյանի հիվանդության վերաբերյալ փաստաթուղթը ստացել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանից, իսկ դատարանն էլ այդ փաստաթուղթը իր միջնորդության հիման վրա է պահանջել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից, այսինքն որպես դատավարության մասնակից, այդ փաստաթուղթն իրեն հասանելի է եղել: Բացի այդ, դատարանն իրենից չի պահանջել եւ ստորագրություն չի վերցրել նշված փաստաթուղթը չհրապարակելու մասին, այն դեպքում, երբ նման պահանջ է պարունակում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասը:

Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց նաեւ, որ մինչ իր կողմից փաստաթղթի հրապարակումը այն արդեն իսկ հրապարակված եղել է:

Նման պայմաններում Հանձնաժողովը գտնում է, որ փաստաբան, Նիկոլայ Բաղդասարյանը Տաթեւիկ Հովսեփյանի հիվանդության վերաբերյալ փաստաթուղթն ապօրինի չի ձեռք բերել, քանի որ որպես դատավարության մասնակից` պաշտպան, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի (պաշտպանի իրավունքները եւ պարտականությունները) համաձայն այն իրեն հասանելի է եղել:

Հանձնաժողովը նաեւ փաստում է, որ նշված հոդվածում պաշտպանի իրավունքները սպառիչ չեն թվարկված, այն դեպքում, երբ պարտականությունները թվարկված են սպառիչ եւ վերը նշված իրավիճակում պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը պաշտպանի պարտականությունները, այդ թվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73 հոդվածի 5-րդ մասում նշվածները, չի խախտել եւ գործել է իր պաշտպանյալի շահերից ելնելով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը եւ նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով: Նշված հոդվածի եւ նույն օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումը հաշվի առնելով եւ նկատի ունենալով այն, որ դատարանը Նիկոլայ Բաղդասարյանից ստորագրություն չի վերցրել Տաթեւիկ Հովսեփյանի հիվանդության վերաբերյալ փաստաթուղթը չհրապարակելու պահանջով, հանձնաժողովը գտնում է, որ փաստաբան, քրեական գործով պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի գործողություններում բացակայել է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հանցակազմը, ուստի չի բացառվում, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է նրա վրա ճնշումներ գործադրելու համար` ակտիվ փաստաբանական եւ հասարակական գործունեության կապակցությամբ:

Վերոգրյալից ելնելով Հանձնաժողովը կոչ է անում վարույթն իրականացնող մարմիններին դադարեցնել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը»:

Տպել
Ամենաշատ