News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի մի քանի գյուղերի խաղողագործներ, որոնք արդեն 3-ից 5 օր է` չեն կարողանում մթերել իրենց բերքը գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող` Մասիսի «Նոյ» գինու-կոնյակի կոմբինատում եւ այսօր հոկտեմբերի 6-ին, մոտ կես ժամ փակել էին  Երեւան-Արտաշատ մայրուղու մի կողմը, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի եւ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի  հետ հանդիպումից հետո բացեցին այն:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մարզպետը գյուղացիներին հավաստիացրեց, որ ճանապարհը փակած  7 խաղողագործների բերքը անմիջապես կմթերվի Մխչյանի վերամշակման գործարանում:

Լրագրողների հետ զրույցում Արարատի մարզպետը նշեց, որ բերքը վերամշակող գործարանները համեմատած նախորդ տարիների՝ արդեն 10 տոկոս ավելի բերք են մթերել եւ այս պահին գործարաններում տեղ չկա:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ այս խնդիրը կարգավորենք, եւ գյուղացիներն էլ պետք է հասկանան, որ իրենց բերքը պետք է չքաղեն, մինչեւ որ եղած բերքը մթերվի, որ իրենց քաղած բերքը չփչանա»,-ասաց Ռուբիկ Աբրահամյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Նոյ» գինու, կոնյակի կոմբինատը հրաժարվում է ընդունել Արարատի մարզի մի քանի գյուղերի խաղողագործների բերքը` պատճառաբանելով, որ բերքի որակը չի համապատասխանում բերքի ընդունման պահանջներին։ Մինչդեռ խաղողագործները վստահ են, որ բերքի որակի հետ խնդիր չկա, գործարանն անհիմն պատճառաբանություն է փնտրում բերքը չընդւոնելու համար, իսկ եթե բեռնատարներում մնալու հետեւանքով մասամբ փչացել է, ապա գործարանի մեղավորությամբ, որի առջեւ իրենք մի քանի օր ստիպված են եղել կանգնել բեռնված մեքենաներով։

Նշենք, որ վերջին շրջանում Արարատի մարզում գյուղացիները խաղողով լցված բեռնատարներով պարբերաբար փակում են մայրուղին՝ պահանջելով մթերել իրենց խաղողի բերքը: Մեկ անգամ նրանց հետ է հանդիպել վարչապետը, խոստացել լուծում տալ խնդրին: Գյուղացիները հանդիպման օրը կարողացել են մթերել բերքը, սակայն հաշված օրեր անց նորից նույն խնդրի առջեւ են կանգնել:

Տպել
Ամենաշատ