News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


28-ամյա Բալուն 12 տարի առաջ հայտնվեց մի վայրում, որտեղ ազգային պատկանելության համար նրա հետեւից «Ջիմի- Ջիմի» էին կանչում փողոցում: Հնդկաստանից ժամանած 17-ամյա պատանին միայն Հայաստանում իմացավ հնդկական ֆիլմի մասին, որը ժամանակին այդքան տարածված է եղել հայերի շրջանում, ու դրանից դադարեց վրդովվել մարդկանց նման պահվածքից:

«Որտեղ գնում էինք, կանչում էին՝ «Ջիմի-Ջիմի»: Ես շատ էի ջղայնանում, թե ինչի են իրանք «Ջիմի-Ջիմի» կանչում: Հետո իմացել եմ, որ այ սենց կինոներ կան, որ մեր երկիրն այնքան լավ են ներկայացրել, որ հնդիկներին այստեղ լավ են վերաբերվում, ու հիմա սովորական է: Երբ ասում են՝ «Ջիմի», ասում եմ՝ հա, ապե, բարեւ Ձեզ, ոնց ես»,- NEWS.am-ին պատմում է Բալու Վիգնեշ Թավիդու Ռայան:

Բալուն այն ժամանակ այնքան հավանեց Հայաստանը, որ երբ Երեւանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետում վեց տարի սովորեց ու վերադարձավ Հնդկաստան, կարճ ժամանակ հետո որոշեց կրկին Հայաստան գալ՝ այս անգամ մագիստրոսի աստիճան ստանալու: Շվեդիայի երկու համալսարաններից եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջություն ֆակուլտետից ուսման հրավեր ստացած երիտասարդը երկրի ընտրության հարցում ոչ մի վայրկյան չերկմտեց:

«Հայաստանին արդեն ծանոթ էի, բացի այդ՝ այստեղ ուսման վարձն ավելի էժան էր, իսկ գլխավորապես՝ եթե Հայաստան գայի, գալու էի իմ ընտանիքի մոտ: Ես ոչ մի արյունակից հարազատ մարդ չունեմ այստեղ, բայց բոլորն ինձ հարազատի պես են»,- ասում է Բալուն:

28-ամյա Բալուն հիմա ավելի շատ հայ, քան հնդիկ ընկերներ ունի: Առաջին հայ ընկերներին ձեռք է բերել հանրակացարանում՝ ֆուտբոլային հանդիպում դիտելիս։

«Ես «Բարսայի» երկրպագու եմ, հենց ֆուտբոլային խաղ էր լինում, անկախ նրանից՝ հայ էին, թե հնդիկ, բոլոր «Բարսա» երկրպագողները իմ սենյակում էին: Այն մարդիկ, որոնց հետ առաջին անգամ իմ սենյակում ֆուտբոլ եմ նայել, մինչեւ հիմա իմ լավ ընկերներներն են: Էլի շատ ընկերներ ունեմ: Որ Ամերիկյան համալսարանի աստիճաններով բարձրանում եմ, մոտ 50 հոգու բարեւում եմ ճանապարհին: Դա չեմ կարող սարքել մեր երկրում: Այստեղ շատ մոտիկ եմ տեսնում մարդկանց: Նրանց հետ նույն տեղում եմ սովորել, համալսարանն էլ ոնց որ տունս ա դառել»,- ասում է հնդիկ երիտասարդը:

Բալուն այսօր հայերի հետ բացառապես հայերեն է շփվում: Առաջին հայերեն բառերը սովորել է ուսանողական առաջին օրը՝ առաջին դասաժամին: Սկզբում մի փոքր շփոթվել, հետո հասկացել է, որ «Բարեւ Ձեզ»-ն ու «Ես հայերեն չգիտեմ»-ը իմանալով կարող է հաղթահարել այդ պահի ամենամեծ խնդիրները:

«Երբ խանութ կամ մի ուրիշ վայր էինք գնում, առաջին բանը, որ ասում էինք՝ բարեւ ձեզ, ես հայերեն չգիտեմ: Այդպես մեզ հասկանում էին, էլ ուրիշ բաներ չէին հարցնում, կարողանում էինք մեզ պետք եղած ուտելիքն ու այլ պարագաները գնել»,- ասում է Բալուն:

Բալուին հիմա միայն արտասանական սխալներն են մատնում, որ հայոց լեզուն հնդիկ երիտասարդի մայրենի լեզուն չէ:

«Եվրոպացիները դժվարանում են անգամ «շնորհակալություն» բառն ասել, բայց մեզ համար դժվար չի: Իհարկե, մի քանի բառեր կան, որ դժվար են: Օրինակ՝ «խորոված»-ի «խ» տառը, «Ծովինար»-ի «ծ» տառը, «Աստղիկ» բառը: Իմ կուրսեցիներից Աստղիկ կա, մինչեւ հիմա Ասկիկ-Ասկիկ եմ կանչում իրեն»,- նշում է Բալուն:

Բալուին ոչ միայն Հայաստանն ու հայոց լեզուն է հարազատ դարձել, այլեւ հայկական խոհանոցը: Խորոված պատրաստել է սովորել։ Մի քանի ամիս առաջ Շրի Լանկայում ընկերներին հենց իր պատրաստած հայկական խորովածն է հյուրասիրել:

«Գիշերն ուզեցին բարբիքյու սարքեն, ես ասեցի՝ ես խորոված սարքելու փորձ ունեմ խորովածի ամենալավ երկրից: Ասեցի՝ ապե, էսի բարբիքյու չի, էսի խորաված ա, նայի՝ ոնց են սարքում: Ու իրանց բոլորին էլ շատ դուր եկավ»,- պատմում է Բալուն:

Բալուն շուտով Հնդկաստան կվերադառնա, Հայաստանում ստացած գիտելիքներով կփորձի բարելավել իր երկրի հանրային առողջության ոլորտը:

Գայանե Ալեքսանյան

Տպել
Ամենաշատ