News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը կառավարություն կներկայացնի տրանսպորտի կազմակերպմանը վերաբերող կարգում փոփոխությունների վերաբերյալ որոշման նախագիծ, որով մասնավորապես, պարտադիր պայման է լինելու երթուղում շահագործվող 1-10 ավտոբուսի դեպքում ունենալ հաշմանդամների համար հարմարեցված մեկ ավտոբուս:

Տրանսպորտի նախարարությունից  NEWS.am-ին հայտնեցին, որ այդ թեմայով տեղի են ունեցել հանրային լսումներ:

«Երեւան քաղաքում արդեն կան ավտոբուսներ, որոնք հարմարեցված են սակավաշարժ անձանց համար, սակայն մենք գտնում ենք, որ դա բավարար չէ եւ պետք է միջմարզային եւ ներհամայնքային երթուղիներում նույնպես լինեն այդպիսի տրանսպորտային միջոցներ»,-ասել է նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանը:

Նախագծով առաջարկվում է նաեւ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթները դարձնել առավել թափանցիկ: Այդ նպատակով՝ մրցութային հանձնաժողովում որպես լիիրավ անդամ, կընդգրկվի ոլորտի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ:

Նախագծի քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ շահագործվող մեքենաների տարիքային սահմանափակմանը: Փոփոխությունների նախագծի կետերից մեկով սահմանվում է, որ ուղեւորափոխադրում իրականացնելու համար հայտարարված մրցույթին կարող են ներկայացվել 12-ից ոչ ավելի տարիք ունեցող միկրոավոտոբուսներ՝ գործող 15-ի փոխարեն, իսկ ավտոբուսի պարագայում՝ 15-ից ոչ ավելի տարիք ունեցող: Նշենք, որ գործող կարգում ավտոբուսների համար տարիքային սահմանափակում չկա:

Նոր կարգի համաձայն՝ փոփոխություններ կլինեն նաեւ մրցույթի անցկացման ընթացակարգում, կկրճատվի վարչարարությունը, կավելացվի երթուղիների սպասարկման ժամկետները:

Հանրային լսումների ընթացքում հնչած բոլոր առաջարկները նախագծի  աշխատանքային խումբը կամփոփի, կքննարկի եւ արդեն վերջնական տեսքով այն կներկայացնի ՀՀ կառավարություն:

Տպել
Ամենաշատ